03/05/2023 15:25
Երևան-Ստամբուլ չվերթերն իրականացվում են ըստ ժամանակացույցի, Թուրքիան արգելել է միայն տարանցիկ չվերթերը Հայաստանից
Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռիչքներ են իրականացնում երրորդ երկրներ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Պատճառը Երևանի կենտրոնում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի տեղադրումն է։
Նշենք, որ ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են FLYONE ARMENIA ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Նաև մայիսի 2-ին ավիաընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն։ Ստեղծված իրավիճակի հետևանքով՝ FLYONE ARMENIA ավիաընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ չվերթը:
Aysor.am-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանն ասաց, որ որևէ պաշտոնական գրություն Թուրքիայից չեն ստացել. «Թուրքիայից այդ մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չենք ստացել: Այնպես որ, այս պահին այդ մասով ոչ մի բան չեմ կարող ասել»:
Հարցին՝ արգելքը միայն տարանցիկ չվերթերի վրա՞ է դրված, թե՞ Երևան-Ստամբուլ չվերթին ևս՝ Աղաբեկյանը պատասխանեց. «Այս պահին Երևան-Ստամբուլ չվերթ իրականացվում է, այսինքն՝ Ստամբուլ կարողանում են օդանավերը գնալ, վայրէջք կատարել: Եթե հաշվի առնենք FLYONE ARMENIA-ի դեպքը, ապա, այո՛, արգելքը եղել է միայն տարանցիկ չվերթերի մասով: Սակայն, մենք, այնուամենայնիվ, պաշտոնապես ոչինչ չենք ստացել»:
FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը ևս Aysor.am-ին ասաց, որ այս պահին Երևան-Ստամբուլ-Երևան չվերթերն ըստ ժամանակացույցի տեղի են ունենում։