03/05/2023 21:16
Պետդեպարտամենտից ասել են՝ իրենք տարածք են տրամադրել երկխոսության համար, իսկ թե ինչը կարող է տեղ գտնել համաձայնության մեջ, ինչը՝ ոչ, կողմերը պետք է որոշեն
Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, «Ազատության»-ը փոխանցել են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից՝ պատասխանելով լրատվամիջոցի հարցին՝ արդյոք այս օրերին Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։
Պետքարտուղարության խոսնակն ասել է՝ ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում:
«Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», - նշել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
Միաժամանակ ընդգծել են՝ իրենք տարածք են տրամադրել երկխոսության համար, իսկ թե ինչը կարող է տեղ գտնել համաձայնության մեջ, ինչը՝ ոչ, նաև՝ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է կողմերը որոշեն։