03/05/2023 19:24
ՊՆ-ն տարածքային պաշտպանության ու տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ է մշակել. դետալները Սուրեն Պապիկյանը դեռ չի մանրամասնում
Աշխարհազորի մասին օրենքը այսօր կա ու գործում է, բայց ՊՆ-ն բոլորովին վերջերս մշակել է տարածքային պաշտպանության ու տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ, որից բխելու են նոր իրավական ակտեր, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը :
Դետալների մասին Սուրեն Պապիկյանը դեռ չի խոսի. առաջ անցնել չի ուզում:
«Բայց կարող եմ նշել, որ ՀՀ կառավարությունը այսօր էլ ամեն ինչ անում է, որ պահեստազորը վարժական հավաքների միջոցով պատրաստվի, ինտեգրվի այն հատվածներին, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնի երկրի պաշտպանությունը»,- նշեց նա:
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ նոր տեսլականի մեջ տեղ է ունենալու և պատրաստվածության մեջ ներգրավվելու են նաև ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ինչ-ինչ բերումով ազատվել են բանակից: Պաշտպանության նախարարն ասաց, թե կան «կուռ համայնքներ», որոնք անհրաժեշտության դեպքում իրենց մասնակցությունը կարող են ունենալ սեփական երկրի պաշտպանությանը: