03/05/2023 12:16
Դժվարանում եմ պատկերացնել խաղաղության պայմանագիր, որը կնքվում է զենքի սպառնալիքի ներքո. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել РБК-ին
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից հարցազրույց է տվել РБК հեռուստաընկերության «Что Это Значит?» ծրագրին:
РБК. Վաշինգտոնում այժմ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, և ամերիկյան աղբյուրների համաձայն՝ արդեն մշակվում է խաղաղության համաձայնագրի ճանապարհային քարտեզը։ Խաղաղության կնքման օրը մոտենո՞ւմ է:
Ռուբեն Վարդանյան. Կարծում եմ՝ ոչ, որովհետև այն, ինչ հիմա արել է Ադրբեջանը, պարզապես հակառուսական գործողություն է իրականացրել, և նրանք ամեն կերպ փորձում են չեղյալ համարել և չեզոքացնել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որն ստորագրվել է Ռուսաստանի մասնակցությամբ, և այս տեսանկյունից, կարծում եմ, որ նոր խաղաղության պայմանագրի հիմքը շատ թույլ է, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հարավային Կովկասում խաղաղություն կնքվելու առանց Ռուսաստանի: Երկրորդ, ես դժվարանում եմ պատկերացնել խաղաղության մասին պայմանագիր, որը կնքվում է զենքի սպառնալիքի ներքո, երբ բնակչությունը զրկված է նորմալ տեղաշարժվելու հնարավորությունից, քեզ խաղաղության կոչ են անում՝ միաժամանակ ատրճանակն ուղղելով ճակատիդ. դա խաղաղ համաձայնագիր չէ: Պատմության ընթացքում երբեք նման բան չի եղել և հիմա էլ չի լինի, վստահ եմ։ Ուստի, ամենայն հավանականությամբ, ոչ, դա ուղղակի մեծ խաղ է, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։
РБК. Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանի գործողությունները օրինական են, վկայակոչում է նախկինում ստորագրված փաստաթղթերն ու պայմանավորվածությունները։
Ռուբեն Վարդանյան. Դա ճիշտ չէ. 2,5 տարի այն գործում է, Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո և այն 5 կիլոմետր լայնությամբ պետք է ազատ լինի։ Ավելին, ես կարծում եմ, որ նրանք, ովքեր այս քայլին գնացին Ադրբեջանի կողմից, լավ չեն պատկերացնում իրենց արածի հետևանքները: Նրանք այնքան են խճճվել, որ չեն պատկերացնում դա ինչ անցակետ է, դա ինչը ստուգելու համար է և այլն։ Ինձ թվում է՝ նրանք հիմա հսկայական խնդիր են ստեղծել ոչ միայն Արցախում ապրողներիս ու ռուսական խաղաղապահ ուժերի, այլ նաև իրենց համար՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ իրենց՝ այնտեղ գտնվելու կարգավիճակը հասկանալի չէ, հասկանալի չէ, թե ի՞նչ են ստուգում, ո՞ւմ են ստուգում, ի՞նչ հիմքով են ստուգում։ Ուստի, այս առումով, նրանք ուղղակի ավելի բարդացրել են իրավիճակը՝ այն պայթյունավտանգ դարձնելով, և դա, ցավոք, ձեռնտու է միայն այն ուժերին, որոնք ամեն ինչ անում են, որ Ռուսաստանը չլինի այստեղ։
РБК. Բայց ինչո՞ւ է անհասկանալի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ արգելված է զինծառայողների, զենք-զինամթերքի տեղափոխումը, իսկ տրանսպորտային միջոցների, բեռների և քաղաքացիական անձանց համար ճանապարհը բաց է։
Ռուբեն Վարդանյան. Այդ գործառույթները պետք է իրականացնեն ռուս խաղաղապահները, ինչը և անում էին, եթե լինում էին ինչ-ինչ հարցեր: Բայց ադրբեջանցի զինվորականների կամ սահմանապահների ներկայությունը նախատեսված չէ այդ փաստաթղթով, դա միանշանակ է։ Այդ տեսանկյունից փաստաթղթի ցանկացած այլ մեկնաբանություն խաղ է։ Ավելին՝ եթե Ադրբեջանը խաղաղության օրակարգ ունի, այդպես չեն իրականացնում խաղաղության օրակարգը՝ մարդկանց ճնշելով, լարման մեջ պահելով, այսպիսի պայմաններում դժվար է պատկերացնել միմյանց նկատմամբ խաղաղության ուղղությամբ շարժվելու գործընթացը։
РБК. Տեսեք, կարգավորման մի քանի տարբերակ կար՝ մոսկովյան տարբերակը և վաշինգտոնյան տարբերակը։ Եվ հաշվի առնելով հանգամանքը, որ հիմա բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ում, ենթադրվում է, որ առաջնահերթությունը տրվել է ամերիկյան տարբերակին։ Այդպե՞ս է։ Ի դեպ, ի՞նչ է դա ենթադրում։
Ռուբեն Վարդանյան. Գիտեք, պատմությունը, նաև 20-րդ դարի պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր այդ փաստաթղթերն անիմաստ են, եթե գետնի վրա չկա իրական հիմք։ Մենք շատ լավ հիշում ենք Անգլիայի վարչապետի հայտնի արտահայտությունը, որը նա արեց Գերմանիայի հետ՝ Մյունխենից բերված պայմանագիր դեպքում՝ ասելով, թե «Ես խաղաղություն եմ ձեզ բերել»։ Իսկ հետո սկսվեց պատերազմը։ Այդ պատճառով, գիտեք, յուրաքանչյուր բանակցություն իմաստ ունի այն ժամանակ, երբ գործնականում կան հիմքեր, որ մարդիկ իսկապես ցանկանում են պայմանավորվածություններ ձեռք բերել։ Երկրորդը՝ ես կրկնում եմ, որ չի կարելի ստիպելով, սպառնալով, այդ թվում և էթնիկ զտման սպառնալիքով, թե՝ ով համաձայն չէ, այստեղ չի կարող ապրել, հասնել խաղաղության մի տարածաշրջանում, որտեղ արդեն տասնամյակներ շարունակ բարդ գործընթացներ են տեղի ունենում, և եկել է մի սերունդ, որն ընդհանրապես չգիտի, թե ինչ է Ադրբեջանը, որովհետև նրանց հետ երբեք շփում չի եղել։ Ես դժվարանում եմ պատկերացնել, թե նրանք ինչպիսի կերպար են ստեղծում Արցախում՝ կիրառելով այսպիսի հռետորաբանություն և անելով այդպիսի քայլեր։ Այդ պատճառով պետք է ասեմ, որ զարմացած եմ Ադրբեջանի ոչ գրագետ քայլերից, որն իսկապես խաղաղության ինչ-որ օրակարգ առաջարկելու փոխարեն ավելի է սրում իրավիճակը՝ այն դարձնելով ավելի պայթյունավտանգ։
РБК. Ինչպես ասում են՝ «եթե քննադատում ես՝ առաջակարկիր»։ Ի՞նչ ելք եք տեսնում Դուք։ Ռուս խաղաղապահներն արդեն կան, բայց, ինչպես Դուք եք պնդում, ադրբեջանական կողմն իրականացնում է հայկական կողմի համար ոչ այնքան ընդունելի գործողություններ։ Էլ ի՞նչ կարող է լինել։
Ռուբեն Վարդանյան. Ամեն ինչ ավելի քան պարզ է։ Պետք է վերադառնալ 2020-ի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությանը, որտեղ բոլոր գործառույթները հստակ արմրագրված են։ Ռուս խաղաղապահները պետք է իրականացնեն իրենց գործառույթները։ Եթե փաստաթղթերի կամ այլնի ստուգման տեխնիկական հարցեր կան, ռուս խաղաղապահները պետք է եզրահանգումներ անեն և ինչ-որ գործընթացներ փոփոխեն, բայց այդ ամենը պետք է արվի նոյեմբերի 9-ի փաստաթղթի շրջանակում։ Իսկ այնտեղ միանշանակ ամրագրված է, որ Արցախում ապրող հայերի համար Հայաստանի հետ պետք է գործի առանց խոչընդոտի տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Այդ ամենը պետք է ապահովվի ռուս խաղաղապահների և ոչ թե ուրիշների կողմից։ Այնտեղ չպետք է ներկա լինեն ադրբեջանցի սահմանապահները կամ զինվորականները, առավել ևս այլ անհասկանալի ուժեր, որոնք կան Շուշիի ճանապարհին։