03/05/2023 19:16
«Չեմ կարծում, որ երբ ասում են՝ «թուրք», պիտի վիրավորվես, ինչպես ասում են՝ շվեդ, գերմանացի, ռուս կամ հայ»․ Փաշինյան
Այսօր ԱԺ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ներկայացրեց իր դիրքորոշումը «դավաճան» և «թուրք» որակումների վերաբերյալ։
Փաշինյանը նախ հստակեցրեց՝ ոչ թե չի վիրավորվում, այլ չի վախենում, երբ իրեն դավաճան են ասում։
«Ես չասացի՝ չեմ վիրավորվում, ասացի՝ չեմ վախենում։ Դրանք տարբեր բաներ են»,- «դավաճան» որակման մասին ասաց Փաշինյանը։
«Իսկ «թուրք»-ի դեպքում, այո, ասել եմ՝ չեմ վիրավորվում, որովհետև չեմ կարծում, որ երբ որ ասում են՝ «թուրք», պիտի վիրավորվես, ինչպես ասում են՝ շվեդ կամ գերմանացի կամ «ռուս»։ Կամ, որ մեկին ասում են՝ հայ, ինչու՞ պիտի վիրավորվի»,- ասաց Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ «դա կուլտուրայի հարց է»։
«Թուրք գիտնականներ կան, որոնք այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին են գրել։ Այսինքն, այդ մարդկանց նկատմամբ հարգանք ունե՞նք, թե՞ չունենք։ Կամ՝ թուրքեր կան, որոնք այլ տեսակետ և այլ կարծիք ունեն»,- իր դիրքորոշումն այսպես ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։