03/05/2023 13:26
Նման տրամաբանությամբ բաժանում նույնիսկ մտքովս չեմ անցկացրել. դատախազի պատասխանը դիտարկմանը, որ ապօրինի գույքով անցնող վարույթները վերաբերում են հիմնականում ՀՀԿ-ականներին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ՀՀ գլխավոր դատախազության 2022 թվականի տարեկան հաղորդումից հասկացել է՝ ապօրինի ծագում ունեցող գույքով հիմնականում անցնում են ՀՀԿ-ականները կամ՝ Սերժ Սարգսյանի մտերիմները:
Նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի մտերիմները նույնպես անցնում են այս գործով:
«Անկեղծ ասած՝ նման տրամաբանությամբ բաժանում նույնիսկ մտքովս չեմ անցկացրել, կդժվարանամ պատասխանել», - արձագանքեց Աննա Վարդապետյանը:
Նա նշեց, թե Դատախազությունը նաև քրեական վարույթներով է այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցել:
«Գիտեք, որ քրեական դատավարության օրենսգիրքը մեզ թույլ է տալիս այսուհետ հեռակա վարույթների կարգով դատարանում իրականացնել գործերի քննությունը: Բոլորովին վերջերս մեկ շատ կարևոր առանցքային գործերից մեկով Վճռաբեկ դատարանը մերժեց մյուս կողմի վճռաբեկ բողոքը՝ ասելով, որ հեռակա վարույթը անձի վիճակը վատթարացնող նորմ չէ ու, մեզ համար կանաչ լույս վառելով, դատարանը հեռակա վարույթով տարավ գործը», - հավելեց Վարդապետյանը: