03/05/2023 11:41
Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք. Աննա Վարդապետյանը մանրամասներ ներկայացրեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերից
2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ստացել է 50 քրեական գործով նյութ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ՝ 84 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելության վերաբերյալ, Ազգային ժողովում 2022 թվականի տարեկան հաղորդման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
2022 թվականի ընթացքում ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 77 որոշում, որոնցից 9-ը սկսվել է 2021 թվականից փոխանցված նյութերի հիման վրա: Ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին կայացվել է 18 որոշում:
«2022 թվականի ընթացքում ուսումնասիրության նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ 109 նախնական ամփոփագիր։ 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է Օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություն և ավելի քան 92 մլրդ դրամ: 2022 թվականին իրականացված ուսումնասիրություններից 43-ի շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 52 դիմում, որոնք բավարարվել են դատարանի կողմից, և որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման: Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք», - նշեց Աննա Վարդապետյանը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով 2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել 11 հայցադիմում, իսկ Հակակոռուպցիոն դատարան՝ ևս 10 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ: Նշված 21 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ: 2022 թվականին ներկայացված հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 միլիարդ դրամ: