03/05/2023 20:16
Արցախում տեղացած կարկուտը զգալի վնասներ է հասցրել․ առավելապես տուժել են Մարտակերտի և Ասկերանի շրջանները
Մայիսի 1-ին և 2-ին Արցախում տեղացած կարկուտն զգալի վնաս է հասցրել ցանքատարածություններին, պղտատու ծառերին, տնամերձ հողատարածքներին։ Առավելապես տուժել են Մարտակերտի ու Ասկերանի շրջանները։ Վնասի չափը ճշգրտել առայժմ չեն հասցրել ո՛չ Մարտակերտում, ո՛չ Ասկերանում, քանի որ կարկուտին հետևել են անձրևները, բայց միայն Մարտակերտի շրջանում 13 գյուղ այն աստիճան է կարկտահարվել, որ ամբողջական ցանքատարածություններ են ոչնչացվել։
«13 գյուղ ահավոր տուժել է կարկուտից․ այդ համայնքներից են՝ Մեծ Շենը, Մոխրաթաղը, Կիչանը, Չլդրանը, Ներքին Հոռաթաղը, Մաղավուզը, Մարտակերտը և այլն։ Շրջափակումից հետո մարդիկ 20 սմ անմշակ հող չէին թողել տնամերձներում, բայց կարկուտը ամբողջը քշել, տարել է։ Սածիլները պոկել, ցանքսերը, կարտոֆիլի դաշտերը հեղեղը տարել է ․․․ Պտղատու ծառերն էլ, գարնանացան մշակաբույսերն էլ ահագին վնասվել են։ Հաջորդ օրն աառվոտյան ժամը 7-ի կողմերն էլ Մարտակերտ քաղաքային համայնքում է տեղացել կարկուտ․ այնտեղ էլ տնամերձ հողատարածքներում ինչ ցանել էին բնակիչները, քշել տարել է»,-«Փաստինֆո»-ին ասել է Մարտակերտի շրջանի գյուղբաժնի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը։
Վնասի ստույգ չափը պարզելու համար, նրա խոսքով, առնվազն մի քանի օր կպահանջվի՝ այն էլ այն դեպքում, եթե եղանակը բացվի։ Վերջին օրերին անդադար անձևներ են Արցախում, ինչը խանգարում է դաշտային աշխատանքներին։
Կարկուտից տուժել են նաև Ասկերանի գյուղերը։ Այստեղ ևս վնասի վերջնական չափը ճշգրտել չեն հասցրել՝ դարձյալ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Աղաջանյանը, առնվազն 7-8 գյուղական համայնք տուժել է կարկուտից։
«Մոտավորապես 280-290 հա գյուղատնատեսկան հողատարածքներ են կարկտահարվել՝ այդ թվում գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ, այգիներ, մեծ թվով տնամերձ հողատարածքներ․․․Միայն 40-50 հա տնամերձ հողատարածք է վնասվել, 4 ՀԱ՝ կարտոֆիլի դաշտեր։ Տնամերձներում ահագին պտղատու ծառեր կային, որ ծաղկման փուլում էին, կամ ծաղկումն ավարտվել էր»,-ասել է Աղաջանյանը։
Մայիսի 1-ին տեղացած կարկուտից Ասկերանի շրջանի ամենաշատ տուժած բնակավայրերից են Պատարան, Ծաղկաշատը, Խաչենը, Աստղաշենը, Խնձրիստանը և այլն։
Մեծապես տուժել են նաև ջերմոցային տնտեսությունները։ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Մարտակերտի շրջանում մոտ 90 ջերմոցներ տարբեր աստիճանի վնասներ են կրել։