03/05/2023 10:08
«Ժողովուրդ». «Հայանտառ» ՊՈԱԿ-ում 2019-2020թթ. ժամանակահատվածում 14 մլն դրամի վարձավճարներ չեն գրանցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը խնդիրներ է հայտնաբերել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի կողմից կնքված 9 վարձակալության պայմանագրերում չի պահպանվել անտառների վարձավճարների սահմանված նվազագույն չափը: Այս հանգամանքը հանգեցրել է մի իրավիճակի, որ 2019-2020 թվականների ժամանակահատվածում 14 մլն դրամի վարձավճարներ չեն գրանցվել:
Այլ խախտումներ ևս կան. բացակայում են ՊՈԱԿ-ի «Մեկ անձից գնում» ընթացակարգի համաձայն կատարված գործարքների հաշվետվությունները: Նաև մատուցվել են այնպիսի ծառայություններ, որոնք նորմատիվ իրավական ակտերի կանոններով չեն եղել: Նշենք, որ այս ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանն արդեն իշխանական թիմի ներկայացուցիչ էր: Նա 2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, 2020 թվականի ապրիլի 8-ին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն։
Նա նախկինում այդ ՊՈԱԿ-ում էր աշխատում, այսինքն՝ նա հեղափոխական գործիչ չէ, սակայն այդ հանգամանքն էլ չի խանգարում, որ նրա գործունեության ընթացքում ևս խնդիրներ լինեն»։