03/05/2023 11:34
Ինչ հետևանքներ կարող է ունենալ ՄԱԿ-ում ՌԴ-ի դեմ Հայաստանի քվեարկությունը
Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 122 «կողմ» ձայներով բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ հիշատակվում է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան»։
Aysor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հակոբ Բադալյանը նշեց, որ չի կարծում, թե դա կազդի երկու երկրների հարաբերությունների վրա. «Այդ բանաձևի ձևակերպումը, կարծում եմ, առանցքայինը չէ: Ճիշտ է՝ ընդգծվող և ուշադրություն գրավող ձևակերպում է, բայց դա այդ բանաձևի հիմնական շեշտադրումը չէ: Իմ կարծիքով՝ Հայաստանի քվերկությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ այսօր մենք էլ ագրեսիայի ենթարկվող պետություն ենք։ Հասկանալի է, որ խոսքը ադրբեջանական ագրեսիայի մասին է: Կարծում եմ՝ այդ բանաձևն առաջնահերթ է մեր քեյսի համար: Իհարկե, այստեղ հարց է առաջանում, թե ինչու է Հայաստանը, անգամ այդ ձևակերպման պարագայում, քվեարկում Ռուսաստանի համար անցանկալի ձևակերպման և բանաձևին կողմ», - ասաց Բադալյանը։
Քաղաքագետի խոսքով, խնդիրն այն է, թե ՀՀ-ն որքանով է այդ առումով աշխատել Ռուսաստանի հետ. «Մենք տեսնում ենք, որ Չինաստանը, որը ՌԴ-ի հետ ռազմավարական բարձր մակարդակի երկխոսության մեջ է, դարձյալ քվեարկել է կողմ այդ բանաձևին: Այսինքն, այդ բանաձևով շատ սուր ռեակցիաներ պայմանավորել, ճիշտ չէ: Կրկնեմ՝ շատ կարևոր է, թե այդ առումով Հայաստանը ինչ քննարկումներ է ունեցել և ինչպես է աշխատել ՌԴ-ի հետ: Այդպիսի դեպքերում, անկասկած, աշխատանքն անհրաժեշտ է»:
Բադալյանը նաև շեշտեց, որ նման քվեարկությունները ՀՀ-ի փաստարկն են միջազգային հանրության և արևմտյան տարբեր խաղացողների դեմ. «Այդ հանգամանքները ՀՀ-ն կարող է դնել նրանց դեմ և ստիպել, որ նույն արձագանքը պետք է ունենա նաև Ադրբեջանի վարքը: Այսինքն՝ երկակի ստանդարտների դեմ դա Հայաստանի փաստարկն է»:
Հիշեցնենք, որ ի թիվս այլ երկրների, բանաձևին աջակցել են նաև Հայաստանը, Ղազախստանը, Չինաստանը և Թուրքիան։
Բանաձևին դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Հյուսիսային Կորեան։
Ձեռնպահ են մնացել Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և 15 այլ երկրներ։