03/05/2023 12:06
Այո՛, պարեկային ծառայությունը հաջողված է. ՀՀ գլխավոր դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաջողված է համարում պարեկային ծառայության ներդրումը: Ըստ նրա՝ ծառայությունը կանխարգելիչ նշանակություն է ունենում տարբեր հանցագործությունների համար:
«Այո, պարեկային ծառայությունը, որպես բարեփոխման ոլորտ, հաջողված է: Տարբեր հանցագործությունների բացահայտման տեսանկյունից պարեկային ծառայությունը և՛ կանխարգելիչ նշանակություն է ունենում, և՛ բացահայտման տեսանկյունից կարևոր տեղեկատվություն է տալիս մինչդատական վարույթին», - Ազգային ժողովում ասաց Վարդապետյանը:
Նա կարևորում է նաև ջրային պարեկային ծառայության ներդրումը, քանի որ «Սևան ազգային պարկում ձկնագողության և տարբեր տեսակի օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման հետ կապված խնդիր կա»:
«Բոլոր բարեփոխումները, այդ թվում՝ կիբերհանցավորության ոլորտում, իրականացվում են շարունակաբար: Դա է պատճառը, որ ես պնդում եմ, որ բարեփոխումներ ճիշտ է իրականացնել: Դրանք պետք է իրականացնել համագործակցված», - հավելեց գլխավոր դատախազը: