03/05/2023 10:45
Թուրքիայում Ալեն Սիմոնյանը կհանդիպի Մուստաֆա Շենթոփի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու:
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն Aysor.am-ի հետ զրույցում չմեկնաբանեց, թե արդյոք կառավարական ինքնաթիռով են մեկնելու:
Հարցին՝ թե ի՞նչ է նախատեսվում Թուրքիայում, արդյո՞ք Սիմոնյանն այնտեղ ելույթ է ունենալու, հանդիպումներ նախատեսվա՞ծ են՝ Խաչատրյանը նշեց.«Այո՛, ԱԺ նախագահն այնտեղ ելույթ է ունենալու՝ անդրադառնալով այս պահին ՀՀ-ում իրավիճակին: Նախատեսված է նաև հանդիպում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ»:
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ հնարավոր է՝ Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նախագահությունն անցնի Հայաստանին: Այժմ Ուկրաինայի հերթն է, բայց պատերազմով պայմանավորված, վերջինս պատրաստվում է հրաժարվել»։