04/05/2023 23:19
Շենգենյան վիզայի ընթացակարգն ու պահանջվող փաստաթղթերը
Շենգենյան վիզա ստանալու ընթացակարգը տևում է 10 օրացուցային օր: Կարող է երկարաձգվել մինչև 30 օրացուցային օր կամ, առանձին դեպքերում, կրճատվել մինչև 2 աշխատանքային օր:
Պետք է հիշել, որ մուտքի արտոնագրի վրա նշված ամսաթվերը իրավունք չեն տալիս այդ ողջ ընթացքում գտնվել Շենգեն գոտում: Պետք է ստուգել այն օրերի քանակը, որի ընթացքում իրավունք ունեք վավերականության ժամկետում մնալ Շենգեն գոտում: Մինչև 6 ամիս վավերականության ժամկետ ունեցող մուտքի արտոնագրերը տեղեկություն են տրամադրում արտոնագրով թույլատրվող օրերի ողջ քանակի վերաբերյալ:
Բազմակի մուտքի արտոնագրերի դեպքում թույլատրվում է մնալ Շենգեն գոտում մինչև 90 օր՝ յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածի ընթացքում:
Հյուպատոսություն դիմելիս այնտեղ տրամադրում են անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,որը ներառում է՝
անձնագիր, որը Շենգեն գոտին լքելու ամսաթվից հետո առնվազն երեք ամիս պետք է լինի ուժի մեջ,
դիմում – հարցաթերթիկ, որը պարունակում է դիմողի անձնական տվյալները,
նոր լուսանկար, որը պետք է բավարարի պահանջվող ստանդարտներին,
բժշկական ճանապարհորդական ապահովագրություն՝ նվազագույնը 30.000 եվրո ծածկույթով,
այլ օժանդակող փաստաթղթեր՝ այցի նպատակի, ամուսնական կարգավիճակի, երեխաների, ֆինանսական միջոցների վերաբերյալ:
Շենգեն վիզայի մերժման պատճառների մասին նշվում է մերժման պատասխանում, որտեղ կգտնեք բացատրություններ մերժման վերաբերյալ՝ ավելի լավ հասկանալու, թե ինչը կարող էր հանդիսանալ մերժման պատճառ:
Եթե պատճառները դիտարկելուց հետո դարձյալ համաձայն չեք լինի դեսպանության որոշման հետ, ապա կարող եք ինքներդ կամ Ձեր կողմից լիազորված անձը բողոքարկել մերժումը և խնդրել, որ գործը քննվի նորովի:
Մերժման բողոքարկման մանրամասները ևս կարող եք ճշտել համապատասխան հյուպատոսությունից:
Վիզայի վճարումը համարվում է վարչական գանձում, որը, անկախ դիմումի պատասխանից, գանձվում է վիզայի դիմումի քննման և մշակման համար: Հետևաբար մերժման դեպքում գումարը ետ չի վերադարձվում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։