04/05/2023 17:23
Շենգեն վիզայի հերթեր. Ինչ պետք է իմանան Հայաստանից Եվրոպա մեկնողները
Շենգենյան վիզան տրամադրվում է Շենգենյան համաձայնագրի 26 երկրներ կարճաժամկետ այցերի (առավելագույնը 90 օր՝ կես տարվա ընթացքում) համար՝ առանց աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորության:
Ներկայումս Շենգենյան տարածքի երկրներն են` Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Լիխտենշտայնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունաստանը, Հունգարիան, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան և Ֆրանսիան։
Մուտքի արտոնագիր ստանալու համար սովորաբար անհրաժեշտ է դիմել այն երկրի հյուպատոսարան, ուր նախատեսում եք գնալ: Եթե նախատեսում եք այցելել մի քանի շենգենյան երկիր, ապա պետք է դիմել այն երկրի հյուպատոսություն, որտեղ ամենաերկարն եք մնալու:
Եթե շրջագայություն եք նախատեսում մի քանի Շենգենյան երկրներ, որտեղ յուրաքանչյուր երկրում մնալու եք նույնքան ժամանակ, ապա պետք է դիմել այն երկրի հյուպատոսարան, ուր առաջինն եք մուտք գործելու:
Որպես կանոն, պետք է դիմել բնակավայրի տարածքի համար պատասխանատու հյուպատոսարան, չնայած այլ հյուպատոսարաններ նույնպես կարող են ընդունել դիմումը, եթե ունենաք այնտեղ դիմելու հստակ հիմնավորում:
Եթե երկիրը, ուր ցանկանում եք այցելել, դիվանագիտական ներկայացուցչություն չունի այն երկրում, որտեղ ապրում եք, պետք է ստուգել՝ արդյոք այն ներկայացված է մեկ այլ Շենգեն պետության կողմից:
Եվրոպական երկրներ գնալիս, մուտքի արտոնագրի համար հյուպատոսության կողմից գանձվող գումարը կազմում է 35 եվրո:
Եվրամիության և ՀՀ միջև կնքված վիզայի դյուրացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ դիմողներ լիովին ազատվում են վիզայի վճարներից։
Այդ խմբի մեջ մտնում են՝
12 տարեկանը չլրացած երեխաները,
եվրամիությունում օրինական հիմքով բնակվող անձանց և ԵՄ-ի երկրների քաղաքացիների մերձավոր ազգականները (կին/ամուսին, երեխա, ծնող, պապիկ, տատիկ, թոռնիկ),
թոշակառուները
միջազգային սպորտային մրցաշարերի մասնակիցները և ուղեկցող անձնակազմը (մարզիչներ, բժիշկներ),
քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և անձինք, ովքեր արտերկրում գործող հայկական ՀԿ-ների հրավերներով մեկնում են մասնակցելու կրթական միջոցառումների, սեմինարների կամ կոնֆերանսների,
գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում գործունեություն ծավալողները և փոխանակման ծրագրերի մասնակիցները,
հաշմանդամները և ուղեկցող անձինք,
լրագրողները և ուղեկցող տեխ․անձնակազմը,
պաշտոնական պատվիրակության անդամները և հայկական սահմանադրական և վճռաբեկ դատարանների դատավորները։
Անդամ պետությունները երբեմն համագործակցում են արտաքին ծառայություններ մատուցողների հետ (այսպես կոչված մուտքի արտոնագրի կենտրոնների հետ), որոնք ընդունում են մուտքի արտոնագրի դիմումներ և օժանդակող փաստաթղթեր: Արտաքին ծառայություններ ապահովողի միջոցով մուտքի արտոնագրի համար դիմելիս կգանձվի մինչև 30 եվրո լրացուցիչ ծառայության վճար:
Շենգեն վիզայի համար դիմելիս, իրավունք ունեք ընտրել առանց հավելավճարի ուղիղ հյուպատոսարան դիմելու և մուտքի արտոնագրի կենտրոնի ծառայություններից օգտվելու միջև:
Դժբախտաբար, մուտքի արտոնագիրը չի երաշխավորում մուտքը դեպի Շենգենյան տարածք: Մուտքը կարող է մերժվել սահմանին, եթե չկարողանաք բացատրել այցի նպատակը կամ ցույց տաք, որ ունեք բավարար գումար այցի ծախսերը հոգալու համար:
Անհրաժեշտ է վերցնել ոչ միայն մուտքի արտոնագրով անձնագիրը, այլ նաև բոլոր օժանդակող փաստաթղթերը կամ դրանց օրինակները:
Շենգենյան Մուտքի արտոնագիրը թույլ է տալիս ամեն 6 ամիսը մեկ անգամ 90 օր ժամկետով գտնվել շենգենյան տարածքում: Բազմակի մուտքի վիզայի դեպքում կարող եք օգտվել բազմակի մուտքով շենգենյան արտոնագրի օրերի հաշվիչից ՝ շենգենյան տարածքում մնալու օրերը ճիշտ հաշվարկելու համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։