04/05/2023 12:05
Արցախից «ձեռքերը լվանալու» գործընթացը սկսված է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ Հայաստանը պետք է հաստատի, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի՝ հայտարարելով, որ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»:
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ դա նորություն չպետք է լինի մեզ համար. «Տեսեք, ընդհանուր տխրահռչակ «խաղաղության պայմանագրի» կոնտեքստի մշակումը և դրանից առաջացող գործընթացները ակնհայտորեն ցույց են տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կա ընդհանուր համաձայնություն՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու: Դրա վառ վկայությունը մինչև վաշինգտոնյան հանդիպումը վերջին ամիսների ընթացքում բարձր մակարդակներում ՔՊ-ական պատգամավորների կողմից հնչեցված հակաարցախյան հայտարարություններն են: Եվ դրանով պարզ էր, որ Արցախից «ձեռքերը լվանալու» գործընթացը սկսված է»:
Նրա խոսքով՝ որպեսզի այդ ամենը լեգիտիմացվեր, հարկավոր էր պաշտոնական դիրքորոշում հայտնել միջազգային հանրության մոտ, որ վերջիններս գտնում են, որ Արցախի մասով Հայաստանն այլևս որևէ պատասխանատվություն չունի:
«Եվ դրա համար «լավագույն» տարբերակը Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ կապն է կամ ուղիղ բանակցություններն են, այսպես ասած: Վաշինգտոնի հանդիպումից առաջ էլ Ալիևը բազմիցս խոսել է, որ պետք է Հայաստանը ճանաչի ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև հրաժարվի Արցախից, քանի որ համարում են, որ այնտեղի քաղաքացիները Ադրբեջանի քաղաքացիներ են», - ասաց Դավթյանը։
Նրա խոսքով, ըստ փորձագիտական դաշտի քննարկումների՝ կա փաստաթուղթ, որում առկա է մի կետ, որով Հայաստանն արդեն իսկ համաձայնություն տվել է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն:
«Ուղղակի Ալիևի հայտարարությունն ավելի շատ քաղաքական դաշտում և Կովկասում հասարակություններին մեսիջ ուղարկելն էր: Եվ կարելի է ասել, որ եթե Հայաստանում այդ թեմայով քաղաքական հարթակներում բանավեճ լինի, դա հնարավորություն կտա, որ այդ կետը անկաշկանդ և առանց վախենալու լինի սպասվելիք ստորագրվող փաստաթղթում», - նշեց Դավթյանը:
Ըստ ադրբեջանագետի, չնայած որ Հայաստանն արդեն իսկ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց որպեսզի հետագայում չփոխի իր դիրքորոշումը, Ադրբեջանն իրեն ապահովագրում է. «Շատ հավանական է, որ փորձում է Հայաստանից կորզի այն բառակապակցությունը, որով Հայաստանի կառավարությունը կհայտարարի, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում: Որպեսզի հետագայում դա լինի ալիբի Ադրբեջանի ձեռքում»:
Դավթյանը դժվարանում է ասել, թե արդյոք վաշինգտոնյան այս հանդիպումից հետո այդ փաստաթուղթը կստորագրվի. «Հնարավոր է համաձայնության մի փաստաթուղթ լինի, որտեղ ընդհանուր դրույթներ կլինեն, բոլորիս արդեն հայտնի ձևակերպումներով՝ տարածքային ամբողջականություն, փախստականների վերադարձ և այլն, որոնց վերաբերյալ արդեն տարուց ավել է մեր քաղաքական դաշտում քննարկումներ կան: Դրանով մեկ քայլով կմոտենան այդ «խաղաղության պայմանագրին»: Միանշանակ է, որ որևէ փաստաթուղթ կստորագրվի, սակայն այլ հարց է, թե այն ինչքանով կբխի Հայաստանի շահերից և հնարավորություն կտա Արցախում ապրող մեր հայրենակիցներին ունենալ ապագա»:
Նա նաև նշեց, որ միջազգային հարաբերություններում անընդունելի է մի երկրի միջոցով մի քանի անգամ խաղաղության հասնելու համաձայնագիր ստորագրել, սակայն հետագայում գնալ այլ երկիր բանակցությունների. «Խոսքը Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության մասին է: Իսկ այսօր գնացել են արևմուտք՝ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու: Այստեղ կարող է շատ լուրջ հակասություններ առաջանալ հայ-ռուսական հարաբերություններում: Բոլորիս համար էլ պարզ է, որ այսօրվա իշխանությունների և ՌԴ-ի իշխանության հարաբերություններն այդքան էլ լավը չեն և կարող ենք ակնկալել, որ այս հանգամանքով պայմանավորված ապագայում կլինեն ինչպես քաղաքական լուրջ անհամաձայնություններ ՌԴ-ի հետ, այնպես էլ տնտեսական և այլ հարթակներում ճգնաժամեր»: