04/05/2023 15:31
Իրավիճակը շարունակում է մնալ լարված. խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, Պրահայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրա պատճառն այն է, որ, չնայած հանրահայտ պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում»,- նշեց նա։
Վարչապետն ընդգծեց՝ միջազգային հանրությունը ԼՂ-ում ստեղծված իրավիճակին պետք է հստակ ու հասցեական գնահատական տա, մանավանդ, որ Ադրբեջանի գործողությունները ԼՂ-ում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են։
«Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը։ Մենք կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը լիարժեք ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ու առաջիկայում էլ ներգրավված կմնա՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել, այլ ոչ թե բանակցել բանակցելու համար։