04/05/2023 23:07
Հայաստանի և Ադբեջանի ԱԳ նախարարները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց․ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Նախարարները հյուրընկալվել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։
Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:
Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները»,- նշված է հաղորդագրությունում։