04/05/2023 17:05
Սահմանային անցակետերում արհեստական հերթերի պատճառով գյուղմթերքի մեծ կորուստ ենք ունենում, որն էլ ազդում է գնի վրա. Հարություն Մնացականյան
Սահմանային անցակետերում ահռելի հերթեր են, որի պատճառով բեռնատարերը չեն կարողանում ճիշտ ժամանակին բեռը հասցնել տեղ, ինչն էլ ազդում է տվյալ բեռի գնի և որակի վրա:
Aysor.am-ի հետ զրույցում գործարար, գյուղատնտես Հարություն Մնացականյանը նշեց, որ անցակետերում աշխատանքներն արհեստական դանդաղեցնում են։
«Դա, կարելի է ասել, նրանց համար շահավետ է, քանի որ աշխատողները հերթերի ժամանակ կարողանում են գումար վերցնել և հերթերն առաջ գցել: Սա բացասական մեծ ազդեցություն է թողնում մեր տնտեսության վրա», - ասաց նա։
Մնացականյանի խոսքով, առաջինն այն է, որ որոշակի տնտեսվարողներ, որոնք փորձում են հերթից առաջ ընկնել, առնվազն 500-700 դոլար գումար են վճարում որոշակի անձանց, ինչը կոնկրետ անդրադառնում է ներկրվող ապրանքների ինքնարժեքի վրա:
«Եվ մեզ մոտ տեղի է ունենում ինքնարժեքի բարձրացում, որն էլ ուղղակիորեն անդրադառնում է սպառողի վրա: Դրա վառ օրինակներից է հեղուկ գազի խնդիրը: Եվ երկրորդը՝ տրանսպորտային ընկերությունները չեն կարողանում այդքան երկար սպասել, քանի որ լինուոմ են դեպքեր, երբ մոտ 15 օր հերթի տակ են ընկնում, որն էլ ոչ ձեռնտու է կամ ենթադրում է տրանսպորտային միջոցների, լոգիստիկ կազմակերպությունների գնի արհեստական բարձրացման: Մենք դա անցած տարի տեսանք, երբ դեպքեր եղան, որ մի բեռնատարի գինը հասել էր 5-6 հաար դոլարի, այնինչ սովորական պայմաններում այն 2-3 հազար դոլար կարժենար», - ասաց նա։
Գործարարի խոսքով, մյուս ամենավտանգավոր գործոնը այդ հերթերի պատճառով բավական գյուղմթերքի կորուստն է.
«Մայիսի վերջ-հունիսի սկիզբ կսկսվի պտուղ-բանջարեղենի ավելի ինտենսիվ արտահանումը և այդ հերթերի մեջ դրանք կարող է տեղ չհասնեն: Օրինակ, ծիրանի տեղափոխման առավելագույն ժամկետը պետք է լինի 7 օր: Իսկ լինում են դեպքեր, երբ հերթերը 12-15 օր են տևում, և բեռը հասնելով տեղ՝ ամբողջովին փչացած է լինում և տնտեսվարողները մեծ վնասներ են կրում: Դա էլ ՀՀ տնտեսությունը դարձնում է խիստ ռիսկային և վնասաբեր: Արդեն 2 տարուց ավել է այս խնդիրը չի լուծվում: Այս արհեստական խոչընդոտները, օրենքների փոփոխությունները նաև հանգեցրեց կաթնամթերքի արտահանման արգելքին, որի պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ հիմա ֆինանսական լուրջ կորուստներ են ունենում: Եվ արդեն խոսակցություններ են պտտվում, որ պանրի մեծածախ գինն իջել է մինչև 1600 դրամ՝ մեկ կիլոգրամի դիմաց, ինչն արդեն ինքնարժեքին մոտ է»:
Մնացականյանը պնդում է, որ այս հարցին հնարավորինս շուտ լուծում պետք է տրվի, որպեսզի գյուղատնտեսությունն ավելի մրցունակ լինի, համեմված չլինի մեծ ռիսկերով։ Նրա կարծիքով՝ խնդրի լուծման համար կամային ցանկություններ ու քայլեր պետք է ցուցաբերեն ՀՀ-ն, Վրաստանն ու ՌԴ-ն.
«Մեր կառավարությունը, տնտեսվարողները շատ կարճ են մտածում, երկարաժամկետ կտրվածքով ոչինչ չեն անում: Վառ օրինակը «Մածուն» բառի արգելքն էր վրացիների կողմից: Նրանք այդ անունը գրանցեցին որպես իրենցը և արգելեցին այդ բառն օգտագործել և մենք ստիպված այդ կաթնամթերքն արտահանում ենք «Արմյանսկիյ յոգուրտ» անվամբ: Քանի շուտ է պետք է ապրանքների գրանցում լինի, մակնշում, հեղինակային անունների ձեռքբերում և ՌԴ-ի ու Վրաստանի հետ հստակ գործուն քայլեր, որոնք կօգնեն խուսափել նման իրավիճակներից»:
Անդրադառնալով երկրում եղանակային պայմաններին և դրա հետևանքներին, գյուղատնտեսը նշեց, որ Գորիսում կարկուտը մեծ վնաս է հասցրել, հատկապես պտղաբուծությանը. «Այնտեղ կան մի քանի հեկտար ծնեբեկի դաշտեր, որոնք ամբողջությամբ շարքից դուրս եկան: Մյուս մարզերում ձյուն տեղացել է, բայց դեռ վերջնական պարզ չէ՝ ցրտահարվել է, թե չէ»: