04/05/2023 21:02
Թուրքիան նոր բան չի հորինել, հայկական օդանավերի թռիչքները նրանց տարածքով արգելված են դեռևս 2020 թվականից․ Պարզապես քաղաքական հայտարարությամբ սպառնում են․ Հակոբ Ճաղարյան
Մայիսի 1-ին Անթալիայում լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, խոսելով Թուրքիայի օդային տարածքը Հայաստանից կատարվող թռիչքների համար փակելու մասին, հայտարարել էր, որ Թուրքիան փակել է երկինքը ՀՀ-ի համար՝ «սադրանքների» պատճառով։
«Մենք Հայաստանի առջև փակել ենք օդային տարածքը երրորդ երկրներ թռիչքների համար, անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա, որ մասնավոր ինքնաթիռներն անցնեն մեր տարածքով, քանի դեռ [Հայաստանի կողմից] սադրանքները շարունակվում են։ Եթե դրանք չդադարեն, ապա մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել էր Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը «սադրանքներ» ասելով՝ նկատի ուներ օրերս Երևանում Նեմեսիս գործողությանը նվիրված հուշարձանի բացումը, որը Թուրքիան դատապարտել է, հայտարարելով՝ եթե հուշարձանը չհանվի, ապա Թուրքիան կդիմի այլ քայլերի։
168.am-ի հետ զրույցում ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, խոսելով Թուրքիայի օդային տարածքը Հայաստանի համար փակելու և դրա նպատակների մասին, ընդգծել է՝ Չավուշօղլուն գլուխը պատին է տալիս, ասելով, թե հուշարձանի տեղադրումը սադրանք է։
«Թուրքիան ի վիճակի չէ իր տարածքով դեպի Երևան կատարվող թռիչքներն արգելափակել, քանի որ Թուրքիային ու թուրքական ավիաընկերություններին սպառնում են համապատասխան քայլեր՝ եվրոպական ընկերությունների, ԵՄ-ի, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից։
Թուրքիան նոր բան չի հորինել, հայկական օդանավերի թռիչքները Թուրքիայի տարածքով արգելված են դեռևս 2020 թվականի սեպտեմբերից, սա նորություն չէ։ Այսինքն՝ Թուրքիան նոր բան չի արել, ուղղակի սա քաղաքական հայտարարություն է, որով սպառնում են, թե՝ հիմա կացինը բերեմ, ծառը կտրեմ, սա անեմ, նա անեմ, բայց իրավասու չեն որևէ բան անելու։ Թող Թուրքիան համարձակվի, օրինակ, «Էյր ֆրանս» ավստրիական ընկերության կամ Լուֆթանզիայի թռիչքներն արգելի և թույլ չտա իր տարածքով դեպի Հայաստան գան։ Իսկ դեպի Եվրոպա թռիչքներ հայկական ավիաընկերությունները չեն կատարում 2020 թվականի մայիսից: Քանի որ նույն տարվա փետրվարին, Քաղավիացիայի աուդիտից անմիջապես հետո, հայկական երկու ավիաընկերություններ թռիչքներ ունեին Եվրոպա, սակայն մարտի կեսերին նամակ ստացան, որ նախապես իրենց ստացած թույլտվությունները հետ են վերցնում և նոր թույլտվություն ստանալու համար արտահերթ աուդիտ պետք է անցնեն ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության կողմից»,- նշել է Հակոբ Ճաղարյանը։
Ըստ նրա, այս համատեքստում ստացվում է, որ հայկական օդանավերը, այսպես թե այնպես, Թուրքիայի տարածքը չէին օգտագործում 2020 թվականից, հետևաբար՝ Թուրքիան չի կարող արգելել եվրոպական ընկերություններին օգտագործել իր օդային տարածքը ՀՀ թռիչքներ կատարելու համար։
Անդրադառնալով Թուրքիայի այս գործողությունների նպատակներին, Հակոբ Ճաղարյանը կարծիք է հայտնել, որ դրանք են Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները, Թուրքիայում մայիսի 14-ին սպասվող նախագահական ընտրությունները, քանի որ հակահայկական գործողություններն այնտեղ միշտ վարկանիշ են բարձրացնում։
«Չեմ բացառում, որ սա կապ ունի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում «Ռուսաստանը՝ ահաբեկիչ պետություն» ձևակերպմամբ բանաձևին հայկական կողմից համաձայնություն տալու հետ։ Գուցե ուրիշ պատճառներ էլ լինեն, բայց ես առաջանայինը սրանք եմ նշում և, իհարկե, գլխավոր պատճառը՝ հայ հանրությանը լարվածության մեջ պահելն ու ՀՀ կառավարության վրա ճնշումներ գործադրելն է»,- եզրափակել է Հակոբ Ճաղարյանը։