04/05/2023 16:56
Ռևանշ կլինի, երբ հայկական շահը սպասարկող իշխանություն ունենանք. Սարգիս Պարսամյան (Մաս 2)
Aysor.am-ը ներկայացնում է կառավարման մասնագետ Սարգիս Պարսամյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը։ Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։
- Հինգ ամիս է՝ խաթարված է Արցախի ու Մայր Հայաստանի կապը, այս պահին Արցախը ամբողջապես շրջափակված է, հանրության արձագանքը Արցախում կատարվողի հանդեպ ընկալելի՞ է։
- Եթե որպես ցուցիչ նկատի ունենք տեսանելի արձագանքը՝ հանրության տարբեր խմբերի կողմից բողոքի ակցիաների նախաձեռնում և մասնակցություն, ապա մի կողմից ընկալելի է, մյուս կողմից՝ ընկալելի չէ: Ընկալելի է, որովհետև ինչպես նշեցի (տես մաս 1), հայտնի շրջանակների կողմից դեռևս 90-ականներից են գեներացվել հակաարցախյան տրամադրություններ (այս մասին նույնիսկ Վազգեն Սարգսյանն է խոսել), իսկ ահա գործող իշխանությունը «Արցախը տանք հանգիստ ապրենք», «մինչև չտանք, լավ չենք ապրելու» թեզերով սնուցեց հակաարցախյան տրամադրությունները, չի կարելի մոռանալ նաև 2008թ.-ի մարտիմեկյան ելույթներում գեներացված հակաղարաբաղյան թեզերը, որ նստվածք են տվել հանրային գիտակցության և ենթագիտակցության մեջ: Մյուս կողմից, հանրության որոշ շերտերի իներտությունն ընկալելի չէ, որովհետև մարդիկ, ովքեր իսկապես սիրում են Արցախը և բացի սիրելուց գիտակցում են այս իրողությունների կործանարար բնույթը, նրանք էլ համապատասխան ռեակցիա չեն ցուցաբերում: Այստեղ է կարևոր էլիտաների դերը, որպեսզի կարողանան մոբիլիզացնել հանրության ամենատարբեր շերտերին. հուսով եմ՝ մի օր կհաջողվի դա անել:
- Շատ է խոսվում, որ երիտասարդներն անհաղորդ են պետության մարտահրավերներին, որպես կանոն չեն մասնակցում կազմակերպվող ցույցերին, հանրահավաքներին։ Այս դիտարկումը որքանո՞վ է օբյեկտիվ, որո՞նք են երիտասարդության իներտության հնարավոր պատճառները։
- Օբյեկտիվ է, քանի որ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների, երիտասարդների շատ քիչ տոկոսն է մասնակցում հակաիշխանական ցույցերին: Ինչպես քիչ առաջ նշեցի (տես մաս 1), ընդդիմությունը պետք է վերանայի հանրության հետ հաղորդակցության մեթոդները, որպեսզի հատկապես երիտասարդության համար ավելի գրավիչ դառնա տարատեսակ ակցիաներին մասնակցելու միտքը: Պոստմոդեռն ժամանաշրջանում և հատկապես ճգնաժամային իրավիճակում դասական մեթոդները չեն աշխատում, պետք է գտնել պարականոն լուծումներ։
- Գիտեմ, որ տևական ժամանակ ապրել, աշխատել եք Արցախում, ունե՞ք հարցի պատասխանը՝ ինչպես այս իշխանությունը հաջողեց հակաարցախյան թեզերը նոր նորմալ դարձնելու հարցում։ Ինչպե՞ս է, որ հանրությունը չի մերժում իշխանության՝ 120.000-ի համար երեք միլիոնին չպետք է զոհաբերենք թեզերը հնչեցնողներին։
- Բախտ եմ ունեցել երկու տարի ապրել, դասավանդել Արցախում: Շփվել եմ Արցախի բոլոր շրջաններում բնակվող մեր հայրենակիցների հետ։ Խնդիրը, որ նշում եք, կարծում եմ՝ բազմաշերտ է. սկսած լեռնային և դաշտային բնակիչների խառնվածքի տարբերությունից, մինչև նշածս՝ տարիներով գեներացված հակաարցախյան տրամադրությունները: Այս և այլ հանգամանքներ նպաստել են, որպեսզի Ձեր նշած թեզերը նոր նորմալ դառնան հանրության մի ստվար զանգվածի ընկալումներում:
- Ռևանշ լինելու՞ է։
- Ռևանշ լինելու է։
- Ինչպե՞ս է ռևանշ լինելու, երբ երկրի վարչապետը ԱԺ ամբիոնից ասում է, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլև չի ունենալու, եթե այս և նմանատիպ թեզեր հնչեցնելուց հետո վարչապետի հրաժարականի օրակարգ չի ձևավորվում, գուցե դա ցուցիչն է այն բանի, որ հանրությունը հաշտ է կատարվողին, ռևանշի ցանկություն ու ռեսուրս չունի։
Առաջարկում եմ չմոռանալ, որ այս իշխանությունն օկուպացիոն վարչախումբ է և չի սպասարկում հայկական շահը, այդ պատճառով էլ սնուցում է նմանօրրնակ թեզեր, որոնք որոշակի տարածում են ստանում հանրության ինչ-որ մասի մոտ։ Սակայն վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հանրության բավական մեծ մաս համաձայն չէ, հաշտ չէ այսպես ասած հողատուական թեզերի հետ։ Երբ ստացվի ձերբազատվել այս օկուպացիոն վարչախմբից և ունենալ հայկական շահը սպասարկող իշխանություն, այդ ժամանակ հող տալու թեզերը կրկնողների մեծ մասը կդիրքավորվի հող պահելու թեզերով առաջնորդվողների կողքին։ Կարող եմ օրինակներ էլ բերել։ Նույն Անդրանիկ Քոչարյանը, որ հիմա այս դավաճաններից մեկն է, նախկինում գտնվելով Վազգեն Սարգսյանի կողքին, այլ թեզերով էր հանդես գալիս։ Վաղարշակ Հարությունյանը 1999թ.-ին սպառնում էր Ադրբեջանին, իսկ Նիկոլի օրոք, ըստ հրապարակային աղբյուրների, ապահովեց Սյունիքի կարևորագույն դիրքերի և Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը Ադրբեջանին` բանավոր ըմբռնման շրջանակում։
Կա «վեճ»՝ ում կամ ինչի շուրջ են համախմբվում մարդիկ՝ անձերի՞, թե՞ գաղափարների։
Հրաժարականի օրակարգը կա, սակայն մենք ականտես ենք եղել, որ վերջին 2.5 տարում այնպիսի մեծ համախմբում այդ օրակարգի շուրջ, որը կբերեր իշխանափոխության, չի կայացել։ Ընդ որում, ոչ անձերի շուրջ է կայացել, ոչ էլ` գաղափարների։ Ուրեմն կա երրորդ, գուցե չորրորդ գործոն, որի առկայությունը կապահովի անհրաժեշտ համախմբումը իքս գաղափար ունեցող իգրեկ առաջնորդի շուրջը, կամ, եթե կուզեք՝ իգրեկ առաջնորդի շուրջը, որ ունի իքս գաղափար։ Այդ երրորդ, չորրորդ գործոններն են պետք գտնել, որից հետո մոբիլիզացիան կստացվի և մենք կձերբազատվենք այս բռնապետական իշխանությունից։