04/05/2023 21:34
«Հնարավոր չի եղել համաձայնեցնել ձևակերպումներ, որոնցով կնշվի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Փաշինյանը՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրման խոչընդոտների մասին
Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնալու իր քաղաքականությունը, ինչպես նաև ուժ և ուժի սպառնալիք կիրառելու քաղաքականությունը՝ մշտապես ավելացնելով իրավիճակի լարվածությունը Հայաստանի հետ սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում։ Չնայած այս ամենին, Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ առկա խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու քաղաքականությանը, և մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում իր ելույթում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ներկայացրել է այն խոչընդոտները, որոնք, իր ձևակերպմամբ, տվյալ պահին առկա են՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար․
«Մինչ օրս հնարավոր չի եղել համաձայնեցնել այնպիսի տեքստային ձևակերպումներ, որոնցով հստակ նշված կլինի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քառ․ կմ տարածքով։ Դա Հայաստանի խորհրդային հանրապետության տարածքն է։
Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման մեխանիզմը դեռևս անորոշ է։ Անորոշ է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմի շրջանակում։
Մինչ այս պահը հնարավոր չի եղել համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները։
Եվ վերջապես, չկա որևէ համաձայնություն՝ խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ չնայած սրան՝ իրենք շարունակում են ջանքերը՝ նշված բոլոր ոլորտներում հաջողության հասնելու ուղղությամբ։
«Արդեն 4 օր է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները, ԱՄՆ համակարգմամբ, բանակցություններ են վարում Վաշինգտոնում ՝ թվարկված բոլոր այս խնդիրները լուծելու համար»,- ասել է Փաշինյանը։