04/05/2023 22:06
2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունն, ի թիվս այլոց, ոգեշնչված էր նախկին Չեխոսլովակիայի թավշյա հեղափոխության սկզբունքներով․ Փաշինյան
Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ 2018-ի հեղափոխությունը «ոգեշնչված է եղել նախկին Չեխոսլովակիայի թավշյա հեղափոխության սկզբունքներով»։
«Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը 2018 թ-ի ոչ բռնի հեղափոխության արդյունքն է, որը, ի թիվս այլոց, ոգեշնչված էր նախկին Չեխոսլովակիայի թավշյա հեղափոխության սկզբունքներով, որը գլխավորում էր Վացլավ Հավելը»,- մասնավորապես, ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ ցանկանում է խոսել «Հայաստանի ժողովրդավարական ճամփորդության մասին մի տարածաշրջանում, որը նշանավորվել է ալեկոծություններով և անորոշություններով, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի առաջընթացը կայուն ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին»։
Իր ձևակերպմամբ՝ Հայաստանում գրանցված առաջընթացը, ըստ Նիկոլ Փաշինյանի, նշանավորվել է կոռուպցիայի, ստվերային տնտեսության և տնտեսական մենաշնորհների դեմ պայքարով, իրենք «ապահովել են խոսքի և արտահայտվելու ազատությունը և շրջել են կեղծված ընտրությունների էջը», ինչպես նաև «տպավորիչ տնտեսական աճի» են հասել։
«Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացվել է։ Նույնը կարելի է ասել Հայաստանի միջազգային վարկանիշի մասին տնտեսական և ժողովրդավարական ցուցանիշների առումով, հատկապես խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության առումով»․- ասել է Նիկոլ Փաշինյանը: