04/05/2023 12:00
Միջազգային հանրությունը պետք է որոշի՝ ինչպես պաշտպանել Արցախը. քաղաքական ճանապարհո՞վ, թե՞ ինքնապաշտպանության միջոցներ տրամադրելով. Հարությունյան
Ադրբեջանը փորձում է փլուզել Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության առկա փխրուն համակարգը, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այդ նպատակին են միտված Արցախի Պաշտպանության բանակը զինաթափելու պահանջները, ինչպես նաև նրա նյութատեխնիկական ապահովումը խոչընդոտելու մտացածին պատճառները», - ասել է նա։
Հարությունյանի խոսքով, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետը հստակ սահմանում է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման, հետևաբար նաև՝ հայկական զորքերի դուրսբերման աշխարհագրությունը։
«Այսինքն՝ 4-րդ կետը պայմանավորվածություն է մեր զինված ուժերի դուրսբերման մասին ոչ թե ամբողջ Լեռնային Ղարաբաղից, ինչպես դա փորձում է ներկայացնել Բաքուն, այլ՝ այն վայրերից, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Քանի որ խաղաղապահները տեղակայված չեն շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև չունեն միջազգային մանդատ և իրենց գործառույթների իրականացման համար ուժ կիրառելու լիազորություն կամ կարողություն, այդ պատճառով Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն իրավունք ունեն և պարտավոր են մարտական հերթապահություն իրականացնել շփման գծում», - ասել է Արցախի նախագահը։
Նա ընդգծել է, որ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի Հանրապետության ապառազմականացման և հանրապետությունից սեփական զինված ուժերի դուրսբերման մասին։
«Քաջ հասկանալով խաղաղապահների հնարավորությունների սահմանափակությունները՝ նրանք պետք է, այնուամենայնիվ, աջակցեն Արցախի քաղաքացիների համար անվտանգ ու արժանապատիվ կենսապայմանների ստեղծմանը, այդ թվում՝ հարգելով ինքնապաշտպանության մեր իրավունքը։ Որքան էլ ուժեղ ու վտանգավոր է Ադրբեջանի կողմից իրականացվող ճնշումը՝ Արցախն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ միջազգային հանրությունը՝ պաշտպանելու պարտականություն։ Անկախ Արցախի ժողովրդի ձեռքի տակ եղած միջոցներից և հնարավորություններից՝ նա պարտավոր է և իրավունք ունի պաշտպանվելու հանուն իր իսկ փրկության։ Միջազգային հանրությունն էլ պետք է որոշի, թե ինչպես կարող է պաշտպանել Արցախի ժողովրդին՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհո՞վ, թե՞ ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցների տրամադրմամբ», - ասել է Հարությունյանը։