04/05/2023 13:05
Գորիսից դեպի Տեղ գյուղ ճանապարհի աշխատանքներն ավարտելու համար կառավարությունը գումար հատկացրեց
«Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այդ նպատակի համար գործադիրը կհատկացնի 382 մլն դրամ:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը նախատեսվում է հատկացնել մի քանի, հիմնականում նախորդ տարի իրականացված և չավարտված նախագծերի համար: Մասնավորապես՝ 135 մլն դրամը նախատեսվում է հատկացնել երեք հետևյալ ծրագրերի համար` Սյունիքի մարզում Գորիսից դեպի Տեղ գյուղ, Իսահակյան-Գյումրի ճանապարհի Արտենի-Արագածավան-Թլիկ բնակավայրերի և Մ2 ճանապարհից դեպի Ջերմուկ հատվածների աշխատանքներն ավարտելու համար:
Գնել Սանոսյանը նշել է նաև, որ միջին նորոգման աշխատանքները սկսվել են իրականացվել 2018 թվականից. Իրականացվում է ավտոմոբիլային ճանապարհի պատվածքի մաշված վերին շերտի վերականգնման, ավտոմոբիլային ճանապարհի, արհեստական կառույցների, ինչպես նաև ճանապարհային կահավորանքի շինարարական նորմերով նախատեսված սկզբնական որակական ցուցանիշների ապահովման նորոգման աշխատանքներ: Ըստ նախարարի՝ կատարված աշխատանքների արդյունքում ճանապարհահատվածի շահագործման ժամկետը պահպանվում է շուրջ 5-7 տարի: