04/05/2023 09:39
«Ժողովուրդ». Ինչպես է Անդրանիկ Քոչարյանը խաբել Գյումրու բնակիչներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին է փոխանցվել «Голос Армении» թերթում հրապարակված մի հոդված, որը վերաբերում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին:
Հիշեցնենք, որ նա 1994-1996 թվականներին եղել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքով աղետի գոտու վերածված տարածաշրջանում Հայաստանի կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը, եւ խայտառակ բացահայտումներ են արվում նրա գործունեության մասով:
Մասնավորապես, մի դրվագ՝ Երեւանից եկած հյուրերին դիմավորելու մասին: «Գյումրիում հայտնի մարդկանցից՝ Համբարձում եւ Հակոբ Մխիթարյան եղբայրներից առաջինը «Վան» համալիրի տնօրենն է, իսկ երկրորդը աշխատում է ռեստորանում։ Երբ Քոչարյանն ու թիմը բնակություն հաստատեցին պանսիոնատում, Մխիթարյան եղբայրներն անգամ իրենց պարտքն էին համարում հյուրասիրել մայրաքաղաքից եկածներին, բայց հետո պարզվեց, որ նրանք պարզապես պարտավոր են դա անել:
Ընդ որում՝ ծախսերը վճարել միայն ու միայն սեփական գրպանից։ Բանը հասել է նրան, որ Մխիթարյան եղբայրները վճարում են ոչ միայն ջրի, էլեկտրականության, կոմունալ ծառայությունների համար, այլեւ իրենք են գնում օճառ, անձեռոցիկներ եւ, կներեք, զուգարանի թուղթ Անդրանիկ Քոչարյանի եւ իր հյուրերի համար»,- նշված է հոդվածում:
Ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 2 միլիոն 200 հազար ռուսական ռուբլի: Քոչարյանը փոխհատուցել է ընդամենը 500 հազարը, որի արդյունքում Մխիթարյան եղբայրները սնանկացել են»։