04/05/2023 11:42
Հայաստանում կստեղծվեն Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ ուղղաձիգ կառավարմամբ գործող տարածքային ստորաբաժանումներ
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ասաց, թե ստորաբաժանմանը կվերապաhվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ հետախուզական գործունեության իրականացում։
Նրա խոսքով՝ քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանման ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են։
«Նախատեսվում է իրականացնել նաև պաշտոնային անվանափոխություն՝ օպերլիազորից անցնելով քրեական ոստիկանի պաշտոնին։ Այս ստորաբաժանումների առավել թիրախային կրթական ծրագրի շրջանակները օպերատիվ կերպով համալրելու համար կմշակվի ու կիրականացվի քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել առնվազն բակալավրի որակավորում ունեցող քաղաքացիներն ու ոստիկանության գործող ծառայողները»,- մանրամասնեց Ղազարյանը։
Այնուհետև Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակման պայմաններն են լինելու Պարեկային ծառայության կոնկրետ պաշտոնում ծառայության որոշակի ստաժն ու ապագայում ներդրվելիք քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը, այլ կերպ ասած՝ ոստիկանությունում ներդրվելու է բազային ու շարունակական կրթության գաղափարը։
Ներկայումս աշխատանքներ են իրականացվում՝ ճշտելու համապատասխան հաստիքները։
Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալներ։