05/05/2023 19:36
«Հողը, կներեք, դուք եք հանձնել, որ եկել, ապրում եք Պրահայում»․ Փաշինյանը հայկական համայնքի ներկայացուցչին մեղադրեց Արցախը «հանձնելու» մեջ
«Դուք ասում եք՝ խաղաղություն։ Այդ խաղաղությունն ինչպե՞ս եք ընդունում՝ հողեր զիջելո՞վ։ Դուք միայն զիջում եք»,- Չեխիայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց հայկական համայնքի ներկայացուցիչը, ով ծնունդով Արցախից է։ Նա նաև հավելեց՝ եթե Փաշինյանը չի կարողանում խնդիրները լուծել, կարող է պաշտոնը թողնել․ «Կան խելացի և ավելի ուժեղ մարդիկ»։
«Էդ խելացի և ուժեղ մարդիկ կարող են Հայաստանի Հանրապետությունում մասնակցել ընտրություններին և ղեկավարել»,- արձագանքեց Փաշինյանը։
Փաշինյանը նաև վստահեցրեց՝ 2018 թվականից «ամեն ինչ» արել է, որ Պաշտպանության բանակը պատրաստ լինի պատերազմի։ Կրկնեց նաև իր թեզը՝ «բանակցային ողջ գործընթացում հողերի զիջումը եղել է առանցքային խնդիր»։
Ապա Հայաստանի վարչապետը Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցչին մեղադրեց Արցախը զիջելու մեջ։
«Հայրենիքը հեռվից սիրելու սովորությունը եկեք ավարտենք։ Հողը, կներեք, դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել եք ապրում եք երջանիկ կյանքով Պրահայում։ Այ դուք, ձեր հեռանալով, էդ հողը հանձնել եք, որովհետև հողը ձեզ համար է»,- ասաց նա։