05/05/2023 10:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը Թուրքիայում հայերենով ելույթ է ունեցել՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ «հայրենասիրական» խրոխտ քայլ է կատարել Թուրքիայում. Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովի շրջանակներում՝ լիագումար նիստին ելույթ է ունեցել հայերենով, այն պարագայում, երբ սևծովյանի աշխատանքային լեզուն ռուսերենն է կամ անգլերենը, և նա երկու լեզվին էլ լիարժեք տիրապետում է։ ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը.
«Նախորդ տարվանից Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայցև չլուծված խնդիրներն առայժմ շատ են: Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլև այն բացել միջազգային երթևեկության, առևտրի համար»: Խոսել է Լաչինի միջանցքը 5 ամիս փակ պահելու և ադրբեջանցիների տեղադրած անցակետի ու սպառնալիքների մասին՝ նշելով, որ այդ իրավիճակը «չի կարող հիմք դառնալ կայուն և տևական խաղաղության համար»:
ՀՀ պատվիրակությունը տեղակայված է եղել «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ կազմակերպվել էր միջոցառումը։ Իսկ հյուրանոցից դուրս պաշտոնական ճաշերին մասնակցել է՝ հրավիրողի տրամադրած անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նախագահությունն անցել է Ուկրաինային, չնայած կարծիք կար, որ նա, պատերազմով պայմանավորված, հրաժարվելու է, և նախագահությունն անցնելու է Հայաստանին։ Որոշվել է, որ նիստերը տեղի կունենան Ստամբուլում»։