06/05/2023 18:35
Առցանց գնումները շահավետ են և հարմար․ խորհուրդներ մասնագետից
Ժամանակակից հասարակության մեջ աշխարհի ցանկացած շուկա հասանելի է բոլորին: Յուրաքանչյուրը գիտի, որ գրեթե ցանկացած բան կարելի է գնել ինտերնետի միջոցով։ Ներմուծվող ապրանքները օֆլայն խանութում գնելու համար հաճախորդն ամեն դեպքում գերվճար է կատարում: Բայց այս խնդիրը լուծվում է առցանց գնումների շնորհիվ, որը թույլ է տալիս ցանկացած երկրում ապրանքներ գնել առավել շահավետ գնառաջարկով։
Aysor.am-ի հետ զրույցում մարքեթոլոգ Ինեսա Բրյանը առանձնացրեց այն հիմնական պատճառները, որոնք «ստիպում» են մարդկանց առավել հաճախ կատարել հենց օնլայն գնումներ։
Հարմարավետություն. Սովորական խանութում գնումներ կատարելիս պետք է ժամանակ հատկացնել սրահում շրջելուն, հաճախ շփվել ոչ այնքան բարեհամբույր վաճառողների հետ, ընտրել հարմար վայր և վերջում գնումները տուն տանել: Առցանց գնումները ենթադրում են, որ առաքման ծառայությունը կհասցնի պատվերը, և հաճախորդը չի անհանգստանա, թե ընտրված ապրանքներն ինչպես կհասնեն իրեն:
Խնայողություն. Պատվիրելու համար պարզապես անհրաժեշտ է լրացնել պատվերի ձևը և անհրաժեշտության դեպքում մանրամասները ճշտել համապատասխան աշխատակցից: Այս մոտեցումը թույլ է տալիս խնայել ժամանակ և գումար՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ժամանակի և այլ ռեսուրսների հետ զուգընթաց, մարդիկ ցանկանում են խնայել նաև իրենց նյարդերը։
Անվտանգության երաշխիքներ. Առցանց մանրածախ վաճառողները թողարկում են արտադրանքի երաշխիքային կտրոններ: Հաճախորդները վստահ են, որ վճարովի ապրանքները ճշգրիտ կառաքվեն, և եթե ապրանքը չհամապատասխանի, ապա այն հնարավոր կլինի փոխանակել:
Առաջարկություններ ապրանքների ձեռքբերման համար. Օֆլայն խանութում խորհրդատու-վաճառողը կօգնի ընտրել ճիշտ տարբերակը` հաշվի առնելով անձի կարիքները: Առցանց մանրածախ առևտրով զբաղվողները հատուկ տեխնոլոգիաներ են օգտագործում՝ հաճախորդներին ապրանքներ առաջարկելու համար: Այս առաջարկությունները հիմնված են օգտագործողի նախկին գնումների, նրա որոնման և վարքագծային բնութագրերի վրա:
Հերթեր չկան․ Քիչ հավանական է, որ ինչ-որ մեկին հաճույք կպատճառի մարդկանց մեծ ամբոխի մեջ լինելը՝ առևտրի կենտրոնների երկար հերթերում։
Մատչելի և հասանելի գներ. Առցանց մանրածախ վաճառակետերի մեծ մասը առաջարկում է ապրանքներ և ծառայություններ շատ մատչելի գներով: Բացի այդ, խոշոր առցանց խանութները հաճախ իրականացնում են վաճառքներ նաև շահավետ զեղչերով:
Ծառայություն. Գնումը կարճ ժամկետներում կառաքվի անմիջապես պատվիրատուի տուն, ծառայությունը տալիս է նաև այդ հնարավորությունը: Իսկ եթե պատվերը չի համապատասխանում, այն կարելի է փոխանակել կամ վերադարձնել մի քանի օրվա ընթացքում։ Նշենք նաև, որ այժմ գործող վաճառքի օնլայն կայքերում, վերադարձի ժամանակ գանձվում է որոշակի չափով գումար։
Անանունություն. Խանութներում գնումներ կատարելիս պետք է պատրաստ լինել այն փաստին, որ ինչպես գանձապահները, այնպես էլ հերթում կանգնած այլ մարդիկ ևս կարող են նայել ձեր զամբյուղի պարունակությանը: Սա կարող է անհանգստություն առաջացնել, հատկապես, եթե գնում եք ինտիմ պարագաներ կամ այնպիսի իրեր, որոնք խիստ անձնական են: Առցանց խանութներում հնարավոր է գնումները կատարել անանուն, իսկ առաքման ժամանակ այն ստանալ չթափանցող տոպրակներով կամ տուփերով, ուստի ոչ ոք չի կարող տեսնել կամ դատել ձեր ընտրությունը:
Հաճախորդների մեկնաբանություններ. Առցանց գնորդները նախընտրում են կարդալ մեկնաբանությունները՝ տվյալ ապրանքի վերաբերյալ, նախքան գնում կատարելը: Բնութագրություններից կարելի է փաստացի տեղեկություններ իմանալ արտադրանքի որակի մասին․ Արդյո՞ք հայտարարված բնութագրերը համապատասխանում են իրականությանը, ի՞նչ թերություններ կարող են առաջանալ շահագործման ընթացքում և այլն: Վերանայումներն են, որ հիմնականում որոշում են սպառողների ընտրությունը:
Մասնագետի խոսքով, կարելի է վստահ լինել, որ ապագայում առցանց գնումների տեսակարար կշիռը միայն կավելանա, քանի որ մարդիկ հետաքրքրված են արագ և որակյալ սպասարկումով՝ նվազագույն կանխիկ ծախսերով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։