06/05/2023 19:42
«Խորհուրդ խորին»․ Ժամանակակից լուսանկարչությունը՝ ոգեշնչված հայկական արմատներից
Մայիսի 5-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում տեղի ունեցավ լուսանկարիչ Վահե Ազատիի «Խորհուրդ խորին» խորագրով ցուցահանդեսի բացումը։
Ցուցադրությանը ներկայացված էին հայ ճարտարապետության մտքի գոհարները՝ հոգևոր արժեքների՝ եկեղեցիների և խաչքարերի տեսքով։
Առաջին անգամ չէ, որ երիտասարդ արվեստագետին ոգեշնչում է հայկականն ու աստվածայինը, դրանց միջոցով հասարակությանը իր գաղափարներն հաղորդելու ձգտումը։
Aysor.am-ի հետ զրուցում Վահե Ազատին ներկայացրեց ցուցադրության հիմնական գաղափարն ու եկեղեցի-մարդ-հայրենիք եռամիասնության իր ընկալումը։
«Հոգևոր աչքով և արվեստի հայացքով է ըմբռնելի դառնում մեզանում ապրող գեղեցիկի խորհուրդը՝ աստվածային մի երևույթ, որը դրսևորվում է հայկական ճարտարապետության մեջ։ Ցուցահանդեսի գաղափարն է լուսանկարչության միջոցով դիտողին փոխանցել հայկական ճարտարապետական մտքի և դրան առնչվող գեղեցիկի ու հավատի բարձր ընկալումները», - ասաց արվեստագետը։
Հարցին՝ ի՞նչ սկզբունքով են ընտրվել եկեղեցիները, լուսանկարիչը պատասխանեց․ «Եկեղեցիները ընտրվել են հայոց պատմության մեջ իրենց պատմական կարևորության և նշանակության համաձայն»։
Անդրադառնալով նախորդ և այս ցուցադրության միջև առկա գաղափարական փոփոխությանն ու նոր ձեռագրին՝ Վահե Ազատին նշեց․ «Դրանք գեղեցիկը ընկալելու և տեսնելու գաղափարական մտքի մեջ են, քանի որ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է մեծանում և ընդարձակվում հոգևոր աչքը»:
«Խորհուրդ խորին» ցուցադրությունը բաց կլինի մինչև մայիսի 8-ը՝ 11։00-ից մինչև 19։00-ն՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում։ Մուտքն ազատ է։