06/05/2023 18:03
Եթե Փաշինյանը սխալ է համարում «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումը` դրանով կասկածի տակ է դնում նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետագա գոյությունը. Հայկ Դեմոյան
Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Նիկոլ Փաշինյանը բնորոշել է իբրև սխալ որոշում։ Հուշարձանի վերաբերյալ Փաշինյանի գնահատականների մասին Aysor.am-ը զրուցել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ։
Երկրի վարչապետը «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի տեղադրումը մեկնաբանելիս հուշարձանի փոխարեն օգտագործում է արձան բառը, չխորանալով դրանց էական տարբերության մեջ։ Այստեղ տեղին եմ համարում հիշեցնել հայտնի միջադեպի մասին, երբ հինգ տարի առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայիս ղեկավար Արայիկ Հարությունյանը, իբրև մեծ հեղափոխական ներխուժելով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, լրատվամիջոցների հետ շփման ժամանակ օգտագործում էր «Եղեռնի տուն-թանգարան» արտահայտությունը: Մարդիկ, որ չգիտեն թանգարան-ինստիտուտի և տուն-թանգարանի, արձանի և հուշարձանի տարբերությունները, փորձում են իմաստուն երևալ, անդրադառնում են թեմաների, որոնց վերաբերյալ անգամ տարրական գիտելիքներ չունեն, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Հայկ Դեմոյանը։
«Իմ պաշտոնավարման տարիներին ոչ Փաշինյանին, ոչ ՔՊ-ականներին երբևէ չեմ տեսել թանգարան-ինստիտուտում, իսկ հիմա իշխանության ներկայացուցիչները չեն էլ թաքցնում, որ «Նեմեսիս» հուշարձանը համարում են խանգարիչ հանգամանք իրենց հակահայկական ծրագրերի համար, այլ ոչ թե ազգային արժանապատվության, հիշողության պահպանման դրսևորում և միջոց։ Փորձեք հրեաներին հորդորել, թե Հոլոքոստից հրաժարվեք, որովհետև դա խանգարում է հարևանների կամ Գերմանիայի հետ հարաբերություններ հաստատելուն կամ մոռացեք ձեր պատերազմների զոհերին, որովհետև դա նույպես խանգարում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, ցանկացած հրեա՝ լինի տաքսու վարորդ, թե բարձրաստիճան պաշտոնյա, վստահաբար արժանի պատասխան կտա», - նշել է նա։
Հայկ Դեմոյանի գնահատմամբ՝ ազգի հիշողության, ինքնության, արժանապատվության դեմ ուղղված իշխանության ոտնձգություններին պատշաճ չեն արձագանքում ոչ հանրությունը, ոչ մտավորականությունը, ոչ ինստիտուտները.
«Իշխանության այլասերված ոտնձգությունների դեմ պետք է լիներ գոնե միասնական պաշտպանական գիծ, որը բացակայում է, որովհետև ընդդիմությունը խաղում է նույն կանոններով. չունի օրակարգ, մինչդեռ պայքարի ռազմավարություն է պետք և ոչ թե ժամանակ առ ժամանակ մարդկանց փողոց հանելով դժգոհության էներգիան պարպել։ Փաշինյանը «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը էմոցիոնալ որոշում բնորոշելով փորձում է ռացիոնալ երևալ, բայց փաշինյանական տրամաբանությամբ առաջնորդելով պիտի ուրեմն ասել, որ մեր պապերը խիստ էմոցիոնալ են եղել՝ կառուցելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որովհետև այն խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»։
Հայկ Դեմոյանի գնահատմամբ՝ ամոթ և խայտառակություն է, որ վարչապետը, բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են արդարանալ ՀՀ սուվերեն տարածքում դրված հուշարձանի համար։ «Նեմեսիս» հուշարձանը շարունակությունն է Ծիծեռնակաբերդի՝ նույն հիշողության նույն պատումի տարբեր դրսևորումներն են։ «Նեմեսիս» հուշարձանի դեմ իշխանության արշավը հերթական ցուցիչներից է, որով ապացուցվում է անհերքելի մի իրողություն․ իշխանությունն ուղղակիորեն զբաղված է Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտողականությամբ, ինչը քրեորեն պատժելի է։
«Ծանրամարտում կա մի արտահայտություն՝ քաշ պատվիրել, մարզիչները մարզիկների համար պատվիրում են այնպիսի քաշ, որ հնարավոր կլինի բարձրացնել, չմնալ ծանրաձողի տակ։ Այս իշխանությունը չափից շատ բարձր քաշ է պատվիրում՝ չունենալով ինտելեկտուալ այն պաշարը, որով կկարողանա այդ ծանրությունը բարձրացնել ու գլխավերևում պահել՝ հիմնավորել օրակարգ դարձրած գաղափարները։ Մարդիկ հարցնում են՝ ինչ անել այս վիճակում, ես ունեմ իմ քայլը՝ պատրաստվում եմ դատարան հրավիրել իմ այն պատմաբան գործընկերներին, որոնք դասագրքերում գրել են այսպես կոչված «թավշյա հեղափոխության» մասին, այդ մարդիկ պիտի գան և դատարանում ապացուցեն՝ արդյո՞ք եղել է «թավշյա հեղափոխություն», ինչի մասին հանդգնել են արձանագրել ու դրանով սերունդներ կրթել։ Սա պետք է լիներ ոչ թե Հայկ Դեմոյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության, այլ՝ հանրության գիտակից զանգվածի, մտավորականների առաջին կես քայլը՝ մեծ քայլեր անելուն առաջ», - ասել է Դեմոյանը։