06/05/2023 19:27
Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել․ օրակարգում ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա լիցքաթափման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն էին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ:
Օրակարգում ներառված էին հարցեր՝ լիակատար շրջափակման պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ- տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Նախագահ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա լիցքաթափման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արցախի նախագահն անդրադարձել է փոփոխվող ներքին ու արտաքին մարտահրավերներին և ընդգծել դրանց դիմակայման համար բոլոր ռեսուրսների համախմբման, կատարվող աշխատանքների վերագնահատման անհրաժեշտությունը:
Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի վերաբերյալ Արայիկ Հարությունյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել իրավասու կառույցների ղեկավարներին: