06/05/2023 19:11
Իշխանություններն անցողիկ են. մեկ է՝ Մայր Հայաստանն իմ թիկունքն եմ համարում. Դավիթ Ղահրամանյան
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ստեղծման գաղափարն առաջացավ, երբ Ադրբեջանը անցակետ տեղադրեց Հակարի կամջրի մոտ՝ այդպիսով դանակը ոսկորին հասավ։ Մեզ հարցնում են՝ ի՞նչ է լինելու, հաջողելու՞ եք, պատասխանը պարզ է՝ երկու ոտքը կորցրած երիտասարդն առաջին օրվանից մեր կողքին է, չգիտենք՝ մեր այս պայքարը վաղը ինչի կհանգեցնի, բայց 1988 թ.-ին էլ չգիտեինք: Նույն վիճակն է. հիմա էլ կարող ենք հաջողել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման մասնակից, լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։
«Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք ենք հրավիրելու, ո՛չ ենք ասելու Արցախի էթնիկ զտմանը, աշխարհին ցույց ենք տալու, որ Արցախում ապրող մարդիկ ունեն նույն իրավունքներն ինչ աշխարհի տարբեր կողմերում ապրող մարդիկ», - նշել է նա։
Դավիթն ասում է՝ օրը պատահական չէ ընտրված. մայիսի 9-ին Վերածննդի հրապարակում հանրահավաքը խորհրդանշական է՝ մենք չենք հրաժարվում մեր հաղթանակներից։
«Շրջափակված Արցախում, այո, կա հուսահատություն, բայց մենք չենք կոտրվել, պատրաստ ենք մեր հայրենիքում ապրելու համար պայքարել։ Պատերազմում հարազատներ կորցրած մարդիկ գալիս ասում են՝ չենք ուզում հանձնվել, ինչ գնով էլ լինի պիտի պայքարենք. հենց այսպիսի մարդկանց շնորհիվ հանրության մեջ կարթնանա 1988թ.-ի ոգին։ Մենք նույն մարդիկ ենք, նույն հայերը, նույն արցախցիները»։
Դավիթն ասում է՝ չնայած շրջափակման հետևանքով առաջացած խոչընդոտներին՝ հատկապես երիտասարդները չեն ընկճվում, վստահ են՝ իրենց ձեռքում է ամեն ինչ։
«Կարևոր չէ՝ իշխանություններն ինչ քաղաքականություն են վարում, իշխանություններն անցողիկ են, մեկ է՝ Մայր Հայաստանն իմ թիկունքն եմ համարում, Երևանում մտահոգ մարդիկ անհամեմատ շատ են, ուրեմն ոչինչ դեռ կորած չէ։ Ինչ վերաբերում է զուգահեռ իրականությանը, ոչ միայն այս օրերին է այդպես, զուգահեռ իրականություն էր նաև պատերազմի օրերին, երբ Եռաբլուրում հուղարկավորություն էր, քաղաքի մյուս հատվածում՝ հրավառություն։ Ես չեմ ասում՝ Հայաստան, միշտ ասում եմ՝ Մայր Հայաստան. մորից չեն նեղանում։ Շատ դժվար է լինելու, դեռ շատ փորձություններ են սպասվում, բայց այլ ելք չկա, ես չեմ կարող ինձ թույլ տալ անցնել ադրբեջանական անցակետով։ Հազարավոր մարդիկ նույնն են ասում. մեզ համար դա ամենամեծ նվաստացումը կլինի»։