06/05/2023 16:57
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է քննարկել երրորդ երկրներ որոշ ապրանքների արտահանումը սահմանափակելու հնարավորությունը
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է քննարկել երրորդ երկրներ կոնկրետ ապրանքների արտահանումը սահմանափակելու հնարավորությունը՝ կանխարգելելու համար հակառուսական պատժամիջոցները շրջանցելու փորձերը, հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրներին։
Առաջարկը ներկայացվել է մայիսի 5-ին և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի մաս է կազմելու։ Առաջին փուլում Եվրահանձնաժողովը նախատեսում է իրավական մեխանիզմ մշակել, որի միջոցով կսահմանափակվի երրորդ երկրներ արտահանումը։ Այդ մեխանիզմն, ըստ նախատեսվածի, զսպող գործոն կդառնա այն պետությունների համար, որոնց միջոցով «արգելված» ապրանքատեսակները ՌԴ են մուտք գործում։ Այս մեթոդի ոչ բավարար արդյունավետության դեպքում երկրորդ փուլում նախատեսվում է հստակ արգելք սահմանել կոնկրետ ապրանքների արտահանման վրա․ դրանք երկակի նշանակության այն ապրանքներն են, որոնք կարող են օգտագործվել ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական նպատակներով, օրինակ՝ գիշերային տեսանելիության սարքերը
DPA գործակալության համաձայն՝ ԵՄ 27 երկրները Եվրահանձնաժողովի առաջարկները կդիտարկեն մայիսի 10-ին։ Եվրահանձնաժողովը նպատակադրված է պատժամիջոցների 11-րդ փաթեթն ընդունել ու գործարկել հենց մայիսին։ Կանխատեսվում է, որ ԵՄ կընդլայնի անձանց ու ընկերությունների ցուցակները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն։