06/05/2023 18:13
«Եթե այդ 4 կարմիրբերետավորների մեջ մարդկային մի որևէ բան լիներ, այսօր կգային, ծնկաչոք ներողություն կխնդրեին տիկին Գոհարից»․ Զոհվածի հայրը՝ Եռաբլուրում ոստիկանների արարքի մասին
Եռաբլուրում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի հուղարկավորությունը։Հայաստանում ստացված սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել էր, որ զոհված զինծառայող Արայիկ Բաղդասարյանի մասունքը հենց իրենն է․ ԴՆԹ-ում համընկնում կա։
Ամբողջ գործընթացը տևել էր 3 տարի։ 44-օրյայում զոհված զինծառայող Արայիկ Բաղադասարյանն այն կնոջ որդին է, ում ոստիկանները, ձեռքերից ու ոտքերից բռնած, հեռացրել էին Եռաբլուրի տարածքից․․․
«Իրավապահ բոլոր կառույցները Նիկոլ Փաշինյանի «պատվո պահակախումբն» են»,- լրագրողների հետ զրույցում ասաց հուղարկավորությանը ներկա Աշոտ Տոնոյանը․ նա 44-օրյայում նահատակված Արամ Տոնոյանի հայրն է։
«Եթե իրենց մայրը լիներ, էդպես կտանեի՞ն, թե՞ նրանց մորը չի կարելի այդպես վերաբերվել, իսկ տիկին Գոհարին՝ կարելի էր։ Այդ դեպքը ցույց է տալիս, թե ինչի է ունակ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը, ինչի են պատրաստ Նիկոլի «զոմբիները»՝ կարմիրբերետավորները․ չեն կանգնի ոչ մի բանի առաջ։ Այ, այդ 4-ը պետք է հիմա ծնկաչոք գային, ներողություն խնդրեին տիկին Գոհարից; Եթե մեջները մարդկային մի որևէ բան լիներ, պետք է գային»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։