06/05/2023 17:31
«Նա ազգին ստորացրեց, հայրենիքի սահմանները կրճատեց․ Քանի ողջ ենք, պետք է պայքարենք, մեր երեխաների թափած արյան պատասխանը պետք է ստանանք»․ Զոհված զինծառայողի հայր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եռաբլուրում այսօր տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի հուղարկավորությունը։
Հայաստանում ստացված սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել էր, որ զոհված զինծառայող Արայիկ Բաղդասարյանի մասունքը հենց իրենն է․ ԴՆԹ-ում համընկնում կա։
Ամբողջ գործընթացը տևել էր 3 տարի։ 44-օրյայում զոհված զինծառայող Արայիկ Բաղադասարյանն այն կնոջ որդին է, ում ոստիկանները, ձեռքերից ու ոտքերից բռնած, հեռացրել էին Եռաբլուրի տարածքից․․․
Հերոսի հուղարկավորությանը այսօր ներկա էին պատերազմում նահատակված բազմաթիվ այլ զինծառայողների ծնողներ։ 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի անմահացած Յուրա Սահակյանի հայրը՝ Վահե Սահակյանը, լրագրողների հետ զրույցում ցավով նշեց՝ պատերազմից 2,5 տարի անց իրենք նույն ապրումների մեջ են, ինչ 2020-21 թվականին․ նրա որդուն 2020-ի դեկտեմբերի վերջին են հուղարկավորել։
«Յուրաքանչյուրս երդվել է մեր որդիների շիրիմների առաջ, որ այս պայքարը շարունակական է լինելու։ Մենք իրավական պայքարից անցել ենք քաղաքական պայքարի՝ քաջ գիտակցելով, որ այս երկրում իրավական համակարգը չի գործում, ամբողջը կառավարվում է մեկ կոճակից, որը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է գտնվում։ Քանի մենք ողջ ենք, թեկուզ մեկ ծնող էլ ողջ մնա, այդ ոխը պետք է հանվի նրանցից։ Մեր երեխաների թափած արյան պատասխանը մենք պետք է ստանանք»,- ասաց զոհված զինծառայողի ծնողը։
Նա արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելով՝ 30 000-ից ավելի զինծառայողի «կյանք է փրկել»։
«Սրիկա՛, եթե 35 000-ի կյանքը փրկել ես, եթե այդքան «դուխ» ունեիր, գլխարկիդ վրա որ գրված էր՝ տառերով, 5 000-ինն էլ փրկեիր, էլի, համարձակություն չունեցա՞ր։ «Ինձ կարող է՝ դավաճան ասեին»։ Ասում եմ՝ դավաճան ես, գերագույնս դավաճան ես։ Ասել եմ ու ասում եմ՝ դավաճան ես, դավաճանների դավաճանն ես։ Դիմացս էլ դուրս գա՝ ասելում եմ՝ դու դավաճան ես, ազգի ստորն ես։ Ուրիշ բան չեմ կարող ասել, ինքը դրան է միայն արժանի։ Նա այս ազգը տարավ, ստորացրեց, այս ազգին վերացրեց, հայրենիքի սահմանները կրճատեց»,- շեշտեց Վահե Սահակյանը։
Զոհված զինծառայողի հոր խոսքով՝ քանի Հայաստանը կառավարում է ներկա իշխանությունը, պետությունից մնալու է միայն Երևանը։
«Երևան պետություն՝ Երևան մայրաքաղաքով։ Ես դա եմ տեսնում, քանի այս խունտան նստած է։ Ես ցավով եմ ասում, որովհետև մեր տղաները հանուն հայրենիքի են պայքարել»,- ասաց Վահե Սահակյանը։