06/05/2023 21:23
Պարենի համաշխարհային գների մակարդակը ապրիլին բարձրացել է
Ապրիլին տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացել է պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը՝ շաքարի, մսի եւ բրնձի համաշխարհային գնանշումների վերելքին զուգընթաց, նշված է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) զեկույցում։
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի ապրիլին միջինում 127,2 միավոր էր, որը 0,6 տոկոսով բարձր է մարտի ցուցանիշից։
Ընդ որում, ինդեքսը 19,7 տոկոսով ցածր է 2022 թվականի, բայց միաժամանակ 5,2 տոկոսով բարձր 2021 թվականի ապրիլի ցուցանիշներից։
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը մարտ ամսից 17,6 տոկոս վերելք է գրանցել՝ հասնելով 2011 թվականի հոկտեմբերից ի վեր արձանագրված ամենաբարձր մակարդակին, որը բացատրվում է Հնդկաստանում, Չինաստանում, Թայլանդում եւ Եվրոպական միությունում չորային եղանակներով պայմանավորված՝ արտադրությունից ակնկալիքների եւ արդյունքների նվազեցմամբ, ինչպես նաեւ Բրազիլիայում շաքարեղեգի բերքահավաքի դանդաղ մեկնարկով եւ ուղեկցվելով անմշակ նավթի բարձր միջազգային գներով, որը կարող է մեծացնել շաքարեղեգի հիմքով էթանոլի պահանջարկը։
Ամսվա ընթացքում ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսն աճել է 1,3 տոկոսով, որի գլխավոր պատճառը խոզի մսի բարձր գնանշումներն էին, ինչին հետեւել են թռչնամսի գները` կապված կենդանիների առողջական խնդիրների պատճառով Ասիայից ներմուծումների պահանջարկի եւ արտադրության լճացմամբ։ Տավարի մսի միջազգային գներն աճել են սպանդանոցային մորթի համար խոշոր եղջերավոր կենդանիների մատակարարման նվազման հետեւանքով, որը գրանցվել է հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Միեւնույն ժամանակ, այլ պարենային ապրանքների գնային ինդեքսները, բացառությամբ բրնձի, շարունակում են նվազման միտում ցույց տալ։
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատությամբ 1,7 տոկոսով նվազել է եւ միջինում 19,8 տոկոսով ցածր է 2022 թվականի ապրիլի արժեքից։ Հացահատիկի միջազգային գները 2,3 տոկոս անկում են գրանցել, որը մեծ առումով կապված է Ավստրալիայից եւ Ռուսաստանի Դաշնությունից արտահանումների մեծ հնարավորությունների հետ։ Արձանագրվել է նաեւ եգիպտացորենի համաշխարհային գների 3,2 տոկոս անկում, ինչը Հարավային Ամերիկայում ընթացիկ բերքահավաքների արդյունքում սեզոնային մատակարարումների աճով է բացատրվում։ Մյուս կողմից, գյուղատնտեսական ներդրանքի մեծ ծախսերի եւ անբարենպաստ եղանակների պայմաններում՝ հատկապես Ասիայից սահմաններից դուրս, ասիացի գնորդների համար աճել են բրնձի միջազգային գները:
«Շատ կարեւոր է շարունակել ուշի-ուշով հետեւել գների զարգացմանը եւ գնաբարձրացման պատճառներին։ Զգալի դանդաղումներից հետո տնտեսության վերականգնմանը զուգահեռ կմեծանա նաեւ պահանջարկը՝ վեր մղելով պարենային ապրանքների գները», - ասել է ՊԳԿ գլխավոր տնտեսագետ Մասիմո Տորերոն։ «Միեւնույն ժամանակ, խիստ մտահոգիչ է բրնձի գների աճը, եւ, այս առումով, Սեւծովյան նախաձեռնության վերականգնումն անչափ կարեւոր է՝ ցորենի եւ եգիպտացորենի գների վերելքից խուսափելու համար», - հավելել է նա։
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում 1,3 տոկոսով իջել է՝ արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ հետընթաց գրանցելով։ Արմավենու յուղի համաշխարհային գները մնացել են կայուն, իսկ սոյայի, կանոլայի եւ արեւածաղկի յուղերի գնանշումները նվազել են սեզոնային բերքի ազդեցությամբ, որը պայմանավորված է Բրազիլիայում սոյայի ակնկալվող ռեկորդային բերքով։
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսի 1,7 տոկոս նվազում է արձանագրվել, որի պատճառը կաթի փոշու ներկրման համաշխարհային պահանջարկի շարունակական նվազումը եւ Արեւմտյան Եվրոպայում պանրի արտահանման ավելի մեծ հնարավորություններն են։