06/05/2023 17:13
«Նրանց ձեռքում է ցեղի և հայրենիքի ճակատագիրը․ Հայաստան կլինի, թե չի լինի, կախված է նրանցից»․ Զոհված զինծառայողի մայրը երիտասարդներին դիմեց Նժդեհի խոսքերով
Հայկն ու նրա նման հազարավոր հայորդիներ զոհվեցին հանուն Արցախի, հանուն Հայաստանի, բայց այսօր մենք տեսնում ենք, որ մեր հայրենիքը օրհասական վիճակում է, Արցախն այսօր հանձնվում է, «Բեկում. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումի ժամանակ, դիմելով երիտասարդներին, ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
Զոհված զինծառայողի մայրը երիտասարդության դերը Հայաստանի և Արցախի փրկության ու վերականգնման գործում շատ վճռորոշ համարեց։ Նա ցավով նշեց, որ հասարակության բևեռացվածությունն իր բացասական արտացոլումն է գտել նաև երիտասարդների շրջանում․ նրանց մի մասն անտարբեր է հայրենիքի ցավի նկատմամբ, մյուսները, սակայն, հայրենանվեր են ու պատրաստ պայքարի։
«Նրանց ձեռքերում է մեր երկրի ապագան»,- ասաց պատերազմում զոհված զինծառայողի մայրը։
Նա մեջբերեց նաև երիտասարդության դերի մասին դեռևս 100 տարի առաջ Գարեգին Նժդեհի ասած խոսքերը․
«Իր ձեռքում է ցեղի և հայրենիքի ճակատագիրը։ Հայաստան կլինի, թե չի լինի, կախված է իրենից։Նրանից է կախված՝ թագավորի, թե թափառական ժողովրդի կվերածվի հայությունը: Հետևաբար, նա իր ամբողջ հասակով պիտի նետվի հրապարակ՝ սատարելու հայոց վերանորոգումին, եթե չի ուզում ապրել, տառապել և մեռնել անհայրենիք»։