06/05/2023 16:27
«Երևանից էլ բազմաթիվ արտագաղթածներ կան, Երևանը ե՞րբ ես հանձնելու»․ Շուշիի քաղաքապետն արձագանքել է Փաշինյանին, ով Արցախը «հանձնելու» մեջ մեղադրել էր Չեխիայում բնակվող հային
Նախօրեին Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակիցներից մեկը, որը ծնունդով Արցախից էր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել ․ «Դուք ասում եք՝ խաղաղություն։ Այդ խաղաղությունն ինչպե՞ս եք ընդունում՝ հողեր զիջելո՞վ։ Դուք միայն զիջում եք»։ Ի պատասխան՝ Փաշինյանը հայկական համայնքի ներկայացուցչին էր մեղադրել Արցախը «հանձնելու» մեջ։
«Հայրենիքը հեռվից սիրելու սովորությունը եկեք ավարտենք։ Հողը, կներեք, դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել եք ապրում եք երջանիկ կյանքով Պրահայում։ Այ դուք, ձեր հեռանալով, էդ հողը հանձնել եք, որովհետև հողը ձեզ համար է»,- ասել էր նա։
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանն, ասել է. «Ա՛յ տղա, Շուշիում քանի՞ հայ էր ապրում, բա ինչի՞ հանձնեցիր Շուշին: Մեր կողմից ազատագրված բոլոր տարածքներում էլ հայեր են ապրել: Քարվաճառն Արցախի ամենածաղկուն շրջանն էր: Քաշաթաղի շրջանում ապրում էին հայեր, Աղդամում ապրում էին հայեր, Ֆիզուլիում ապրում էին հայեր․․․
Ի՞նչ է խոսում Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ համար: Շուշիում ինչքա՞ն հայ էր ապրում, Շուշին էլ է հանձնված, էդ որտե՞ղ հայ չէր ապրում: Երևանից էլ բազմաթիվ արտագաղթածներ կան, Երևա՞նը երբ ես հանձնելու: Չի կարելի նման հայտարարություններ անել, մարդկանց «դուխ» տալու փոխարեն՝ «դուխից» զրկելու նպատակը ո՞րն է։ Էդ «տրյուկները» էլ չեն անցնում, իզուր թող չանի»- ասել է Արծվիկ Սարգսյանը: