06/05/2023 11:15
Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, այս տարի ունի կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Խաչատուրովը. Վահե Հովհաննիսյան
Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, այս տարի ունի կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Խաչատուրովը:
Արդեն երրորդ տարին է՝ մայիսի 9-ին մենք չգիտենք մեր անելիքը, ասելիքը։ Ու՞մ ենք շնորհավորում, ինչի՞ համար։ Հաղթանակի կոնցեպտը վերածվել է աբստրակցիայի։
Իմ առաջարկն է.
Այս տարի մայիսի 9-ին տալ կոնկրետ բովանդակություն և կոնկրետ անուն։
Մենք ունենք հաղթանակի շատ կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որի բանտարկությունը ազգային ծնկաչոքության ռիտուալ է թշնամու առաջ։ Սա Հայաստանի համար աննախադեպ վիճակ է։
Այսօր մի մեծ խումբ հանրային գործիչներ, քաղաքացիներ միասնաբար հանդես են գալիս՝ սատարելով գեներալ Խաչատուրովին։ Ես առաջարկում եմ՝ այս տարվա մայիսի 9-ը դարձնել Խաչատուրովին սատարելու համահայկական օր։ Իհարկե, մեծ հարց է, թե իրականում ով ում է սատարում, քանի որ իր ամրությամբ, չհանձնվելով, Խաչատուրովը, անգամ կալանքի տակ գտնվելով, շարունակում է պաշտպանել իր երկիրը և քաղաքացուն։
Այս տարվա մայիսի 9-ի մեր գլխավոր խորհրդանիշը գեներալ Գրիգորի Խաչատուրովն է, և մենք՝ քաղաքացիներս, պարտավոր ենք փոխադարձաբար պաշտպանել նրան։ Ցանկացած հրապարակային եղանակով՝ փողոցում, սոցցանցերում, ելույթներով, հրապարակումներով, ֆլեշմոբերով, ակցիաներով։ Կիսակոտրված-իներցիոն մայիսի 9-ը վերափոխենք պայքարի ու վճռականության օրվա։ Ամեն մեկս գտնենք մայիսի 9 նշելու մեր եղանակը ու սատարենք գեներալին, որն այսօր հաղթանակի իրական խորհրդանիշ է։
Մայիսի 9-ին այս պարզ քայլով սկիզբ դնենք նոր հանրային մեծ շարժման. «Մի´ լռիր, աջակցի´ր Խաչատուրովին, որ պահենք երկիրը»։ Գնանք հանրային համերաշխության բարդ ճանապարհով։ Չվախենանք։