06/05/2023 10:01
«Ժողովուրդ». Իրավապահները գործընթաց են սկսել բուհերի ռեկտորների դեմ. առաջին մեղադրյալը Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտորն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները գործընթաց են սկսել բուհերի ռեկտորների դեմ։ Առաջին մեղադրյալը Ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորն է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ ռեկտորի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գլխավոր դատախազություն՝ տեղեկությունը պարզելու համար, ինչին ի պատասխան՝ դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ.Խ-ն, զբաղեցնելով պետության կողմից ստեղծված՝ հիմնադրված «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնը, հանդիսանալով պետության կողմից ստեղծված՝ հիմնադրված ինստիտուտի անունից հանդես գալու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ 2022թ. փետրվարի 2-ին պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթի՝ իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկություն պարունակող նյութական կրիչի մեջ մտցրել է Արմեն Վազգենյանի կողմից 2006 թվականին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (ներկայիս՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ) ընդունվելու և իբրև 2010 թվականին «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ ավարտելու, նրան «Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի, շախմատի մարզչի» բակալավրի աստիճան շնորհված լինելու, ինչպես նաև, տեխնիկական պատճառներից ելնելով, դիպլոմը 2022 թվականի հունիսին հանձնման ենթակա լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ և այն տրամադրել Արմեն Վազգենյանին այն պայմաններում, երբ վերջինս հիշյալ ինստիտուտն ավարտած չի եղել և տեղեկանքը տրամադրելու պահին ունեցել է չհանձնված պետական քննություն:
Հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ հսկող դատախազի կողմից 2023թ. մայիսի 2-ին որոշում է կայացվել Դավիթ Խիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Նույն օրը որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ մեղադրանքը Դ. Խիթարյանին ներկայացնելու համար, միաժամանակ հանձնարարվել է նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը»»։