06/05/2023 09:45
«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ նիստ է արել. ի՞նչ է քննարկվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական դադարից հետո Ռոբերտ Քոչարյանը նախօրեին «Կոնգրես» հյուրանոցում «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ նիստ է արել, սակայն ֆրակցիայի կեսից ավելին հրավիրված չի եղել, իսկ ներկաները երեկ հրաժարվում էին մանրամասներ հայտնել:
Ագնեսա Խամոյանը նշեց, որ ընթացիկ հարցեր են քննարկվել, արտառոց ոչինչ չի եղել։ Մինչդեռ համառ լուրեր են տարածվում, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գերդաստանով հեռանալ Հայաստանից: Նրա կրտսեր որդին որոշել է ընտանիքով ԱՄՆ տեղափոխվել` նրա երեք զավակները ԱՄՆ-ում են ծնվել, իսկ մյուսները՝ Հունաստան։
Մեր աղբյուրն ասում է, որ անգամ բիզնեսներն են տեղափոխում արտերկիր` որը հնարավոր է։ Ռ․ Քոչարյանի գրասենյակից երեկ համառորեն չպատասխանեցին մեր զանգերին: Վստահ ենք, որ այսօր կշտապեն լուրը եռանդով հերքել: Այս ոչ թափանցիկ և կոնսպիրատիվ պահվածքը ՀՀ բոլոր կուսակցություններին և քաղաքական շրջանակներին է բնորոշ` իշխանություն լինեն, թե ընդդիմություն»։