Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը:
351 թվականի մայիսի 7-ին երկնակամարում հայտնվեց Տիրոջ լուսավոր Խաչը՝ ձգվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս հրաշալի իրադարձության մասին Կյուրեղ Երուսաղեմցին գրում է Կոստանդին կայսերը, թե ինչպես է աստվածային Խաչը շքեղ ու լուսավոր փայլել երկնքում ու դարձել հարյուրավոր մարդկանց դարձի և փրկության առիթ:
Այսօր էլ մենք Տիրոջ Խաչի խորհրդով փնտրում ենք աստվածային կենարար ներկայությունը:
Թեև մենք ավելի հաճախ Աստծուն հիշում ենք փորձության ու նեղության պահերին, այնուամենայնիվ Տիրոջ Խաչի խորհուրդը դրանով չի փոխվում, այն շարունակում է իր լույսով մխիթարել ու զորացնել մեզ, առաջնորդել դեպի Գողգոթա, դեպի փրկություն:
Այսօր Տերն Իր հրաշափառ Խաչի լույսով վերահաստատում է եկեղեցին և մեր հոգիների դատարկությունը լցնում աստվածային խաչից ճառագող լույսով ու ջերմությամբ:
«Մեր կյանքի ընթացքում բոլորս էլ փնտրում ենք մի հրաշք, որը կմխիթարի մեզ ու հեռու կպահի փորձություններից: Փորձության մեջ ընկած մարդը շատ արագ է հուսալքվում, երբ թվում է, թե Աստված հեռացել է իր կյանքից: Այս զգացողությունը ծանոթ է բոլորիս, սակայն մեզնից շատերը զգացել են նաև խաչի զորությունը, որով կարողացել ենք հաղթահարել փորձությունները: Եվ հասկանում ենք, որ Աստված երբեք չի լքում մեզ, Նա միշտ մեր կողքին է, պարզապես անկումային վիճակը մեզ թույլ չի տալիս զգալ Նրա ներկայությունը: Նման ակումային վիճակում էր մարդկությունը, երբ խաչեցին Հիսուսին, սակայն հազարավոր մարդկանց համար էլ Սուրբ Խաչի՝ երկնքում երևումը դարձավ հավատքի ու սիրո անսպառ աղբյուր, հույս ու ապավեն:
Այսօր էլ մենք, մեր տկարությունների մեջ ակնկալում ենք նման մի հրաշք՝ բացահայտելու Խաչի խորհուրդն ու մեր սրտի դատարկությունը լցնելու Խաչից ճառագող լույսով:
Եթե Քրիստոսի Հարությունը փաստում է աստվածային սիրո և մահվան դեմ հաղթանակն, ապա Քրիստոսի Խաչը վկայում է Աստծո հավիտենական ներկայությունը մեր կյանքում: Ամեն անգամ մեր հայացքը խաչին ուղղելով՝ տենում ենք Տիրոջ ողորմությունն ու սերը, որ բաշխվում է ամենքիս: Այն լուսավոր Խաչը, որը 351թ. հույս ներշնչեց հազարավոր մարդկանց, այսօր էլ փաստում է, որ Աստված մեզ հետ է:
Մեզ համար խաչն իմաստ ունի Քրիստոսի Խաչելության և Հարության հրաշալի խորհուրդներով, և այսօր մենք գալիս ենք երկրպագելու Տիրոջ խաչին՝ խոստովանելով մեր մեղքերը, ամրանալով հավատքի ու սիրո մեջ»,- նշված է Qahana.am կայքում:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: