07/05/2023 15:53
Դաժան ծեծի ենթարկված ու 3 տարուց ավելի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է
Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկած ու արդեն 3 տարուց ավելի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է:
«Լրատվամիջոցները հիշեցնում են 4 տարի առաջ քպ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մասին, ով, այսքան ժամանակ գտնվելով կոմայի մեջ, այժմ կտրուկ վատանալով տեղափոխվել է հիվանդանոց։
Իմ համոզմամբ՝ այդ ողբերգության գլխավոր պատասխանատուն եղել է քպ-ական մարզպետը, որն այժմ ԱԺ-ում աշխատում է որպես կոճակ-պատգամավոր։ Բնականաբար, նա ոչ մի պատասխանատվության չենթարկվեց։ Պատասխանատվության չենթարկվեցին նաև քպ-ի կողմից հրահանգված Էդգար Ղազարյանին ծեծողները, լրագրողի վրա հարձակվող քպ-ականը, որն էլ ԱԺ փոխխոսնակ-կոճակ է աշխատում, քաղաքացու դեմքին թքողը, որն էլ ԱԺ խոսնակ-կոճակ է աշխատում,Արմեն Գրիգորյանին սպանող քննիչ-դատախազ-դատավորները, Ապարանի երեք երիտասարդներին սպանողները, որոնք էլ հաստատ ինչ-որ յուղոտ պաշտոններ են զբաղեցնում և վերջապես ՝ Սոնա Մնացականյանին սպանող դավաճան-վարչապետը։
Եվ ամենաողբերգականն այն է, որ այս ամենը մենք հանդուրժում ենք և չենք ընդվզում»,- Facebook-ում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում ու արդեն շուրջ 3 տարուց ավելի գտնվում է կոմայի մեջ։
Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետևանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին, ապա դարձավ պատգամավոր: