07/05/2023 12:21
Ամուր ու անկոտրում է արցախցին, որ անգամ այս դժվարին իրավիճակում կարևորում է գիտելիքը. Ռուբեն Վարդանյան
Ստեփանակերտում մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ ծրագիրը, որը նախատեսված է Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտների ղեկավարների և մասնագետների համար:
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության հետ համագործակցաբար: Երկօրյա դասընթացը հիմնականում վերաբերելու է ռազմավարական առաջնորդությանը, ժամանակակից աշխարհում առաջնորդների դերին, վստահությանը, կառավարման և առաջնորդության հարցերին: Մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային մասնագետների, որոնք դասընթացը կվարեն առցանց եղանակով:
Ծրագրի մասնակիցներին ողջունել է Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր և «Մատենա» միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ չնայած շրջափակման դժվարություններին՝ դեռ անցյալ տարի մեկնարկած ծրագրերը շարունակվում են: «Ես ուրախ եմ, որ ծրագրին մասնակցելու համար մեծ թվով հայտեր են ստացվել: Սա ևս մեկ անգամ վկայում է, թե որքան ամուր ու անկոտրում է արցախցին, որ անգամ այս դժվարին իրավիճակում կարևորում է գիտելիքը: «Մատենա»-ի այս երրորդ ծրագիրը հիմնականում նվիրված է ռազմավարական առաջնորդությանը, որի հիմքում վստահությունն է: Առաջնորդների, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունն առանցքային խնդիր է: Եթե կա այդ վստահությունը՝ ցանկացած դժվարություն ու մարտահրավեր հնարավոր է հաղթահարել»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:
«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ «Մատենան» ձգտում է միջազգային լավագույն դպրոցների փորձը տարածել Հայաստանում և Արցախում: «Համակարգերը, ինստիտուտներն ստեղծողը մարդն է, մասնագետը, դուք եք: Ու հենց դուք պետք է ստանձնեք այդ պատասխանատվությունը: Ժամանակակից աշխարհում այլևս չկան մշտական գիտելիքներ կամ մշտական հմտություններ, ամեն ինչ անընդհատ և մեծ արագությամբ փոխվում է: Եվ որպեսզի դուք պատրաստ լինեք այդ համակարգերն ստեղծելու և առաջնորդության պատասխանատվության, դուք պարբերաբար պետք է ներգրավված լինեք սովորելու գործընթացում: Սա ժամանակակից աշխարհի ամենաէական պահանջներից է»,- ընդգծել է Ռուբեն Հայրապետանը:
Նշվում է, որ ծրագրում ընդգրված է շուրջ 50 մասնակից Արցախի պետական և մասնավոր ոլորտներից: Սա արդեն «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ դասընթացն է Արցախում։ Վերապատրաստումների առաջին ծրագիրն անցկացվել էր 2022-ի նոյեմբերին՝ Արցախի պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար։ Դեկտեմբերին կազմակերպվել էր ծրագրի երկրորդ փուլը՝ պետական բարձր և միջին օղակների աշխատողների համար։