08/05/2023 18:18
«Դատարանի համար էլ է անհասկանալի, թե ինչու է գործը քննվում դռնփակ, մեղադրող կողմը ևս ընդունել է, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ դրվագներում գաղտնիություն չկա»․ Փաստաբան
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով նախնական դատական լսումների ավարտին փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող գործը դռնփակ ռեժիմով քննելու առիթ ու պատճառ չկար։
«Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ որևէ դրվագ չկա, որը պետք է, որ գաղտնիության շղարշով պատված լիներ»,- ընդգծեց Միհրան Պողոսյանը։
Այս առնչությամբ պաշտպանական խումբն իրավական հիմնավորումներ է ներկայացրել, նախնական դատական լսումները դռնբաց ռեժիմով անցկացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, սակայն դատարանը այն մերժել է՝ հիմք ընդունելով միայն այն հանգամանքը, որ դատախազությունը ընդհանուր քրեական գործին է գաղտնիության շղարշ տվել։
«Բայց դատական նիստի ժամանակ մեղադրողը ևս ընդունեց, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ դրվագներում գաղտնի փաստական տվյալներ, գաղտնի ապացույցներ չկան։ Ուղղակի տեխնիկական բնույթից ելնելով, քանի որ մի քանի գործեր են միացված, որոնք ընդհանրապես վերաբերելի չեն Գրիգորի Խաչատուրովին, և դրանց մի մասը գաղտնի է, այդ իսկ հիմքով ընդհանուր գործը քննվում է գաղտնի»,- մանրամասնեց Պողոսյանը։
Այս քայլը պաշտպանական կողմը գնահատում է որպես Գրիգորի Խաչատուրովի իրավունքների խախտում։
«Մենք սա գնահատում ենք Գրիգորի Խաչատուրովի հրապարակային դատաքննության իրավունքի խախտում։ Դրա հետ կապված՝ հաջորդ դատական նիստին, մեր գործողությունները լրամշակելով, գործողություններ կանենք այդ ուղղությամբ, սակայն այս պահին կարող եմ ասել, որ ընդհանրապես գաղտնի որևէ բան չի ներկայացվել»,- մանրամասնեց փաստաբանը։
Միհրան Պողոսյանը հավելեց՝ Քրեական դատավարության օրենսգրքի առանձնահատկություններից ելնելով՝ դատարանը առաջարկել է նաև, որ պաշտպանական կողմը պետական գաղտնիքի չբացահայտման վերաբերյալ ստորագրություն տա։
«Մենք պնդեցինք, որ մեզ ներկայացնեն՝ որն է հանդիսանում պետական գաղտնիքը, դատարանն ինքը ևս մեզ չկարողացավ տեղեկացնել, թե որն է հանդիսանում պետական գաղտնիք, և պաշտպաններից ու մասնակիցները շատերը հրաժարվեցին ստորագրել այդ տեղեկատվական թերթիկը։ Դատարանի համար էլ է անհասկանալի, որ եթե գործով ընդամենը մի դրվագ է գաղտնի հանդիսանում, որը վերաբերելի չէ մեղադրյալների մեծամասնությանը, ինչո՞ւ է ընդհանուր գործը քննվում դռնփակ»,- ասաց Միհրան Պողոսյանը։
Հաջորդ դատական նիստը կկայանա մոտ օրերս, հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ։
Փաստաբանը տեղեկացրեց՝ նիստին ներկա գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի տրամադրությունը, ինչպես միշտ, մարտական էր։