08/05/2023 15:22
Դաժան ծեծի ենթարկված ու կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին 10 օր առաջ «Զինվորի տնից» տեղափոխել են Մուրացան
Երեք տարի առաջ Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկած փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է: Լուրն Aysor.am-ի հետ զրույցում հստատեց Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը:
«Մոտ 10 օր առաջ է վատացել: Մենք որդուս «Զինվորի տնից» տեղափոխել ենք Մուրացան հիվանդանոց: Այս պահին նա Երևանում է: Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը վիճակի վատացման, դա բժիշկները կասեն: Բայց որդիս արդեն 3 տարի է անգիտակից վիճակում է: Բժիշկները ոչինչ չեն ասում: Ուրեմն լավ բան չկա, որ ոչինչ չեն ասում: Ես հենց սկզբից մի քանի ամիս այս ու այն կողմ գնացի, որ տղայիս տանենք արտերկիր բուժման, սակայն ոչ ոք հույս չտվեց, չթույլատրեցին նրան տեղից շարժել», - նշեց Սամվել Մխիթարյանը:
Փոխգնդապետի հորը, բացի որդու առողջական վիճակից, նաև անհանգստացնում է այն հանգամանքը, որ որդու այս վիճակի բոլոր մեղավորները պատասխանատվություն չկրեցին. «Միայն մի հոգի է նստած: Որոշներին աշխատանքից ազատեցին ու վերջ: 7-8 հոգուց այդ մեկը միայն նստեց»:
Իսկ թե ինչո՞ւ բոլոր մեղավորները չեն պատժվել, Մխիթարյանը իր վարկածներն ունի. «Քանի որ իշխանական թևի ժողովուրդ են»:
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում ու արդեն շուրջ 3 տարուց ավելի գտնվում է կոմայի մեջ։
Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետևանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին, ապա դարձավ պատգամավոր: