08/05/2023 20:08
«Կարող ենք հաղթահարել դժվարությունները՝ ապրելով մեր հայրենիքում, երբեք չթուլացնելով պայքարի ոգին»․ Արցախի մայր բուհում Արիության դաս է կազմակերպվել
Մայիսի 8-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է Մայիսյան եռատոնին նվիրված Արիության դաս, որը վարում էին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Առստամյանը:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ բացման խոսքում ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը կարևորել է մայիսյան հաղթանակների խորհուրդն ու սերունդներին այդ հաղթանակների դասերով առաջնորդելու անհրաժեշտությունը:
«Մայիսի 9-ի հաղթանակների շնորհիվ է, որ այսօր մենք կանք, Արցախն ապրում է, և մենք ապրում ենք Արցախում»,-ընդգծել է ռեկտորը:
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի հաղթահարման բանալին բոլորի և հատկապես երիտասարդ սերնդի ձեռքում է:
«Համազգային միասնություն ազգային գաղափարի շուրջ և պայքար՝ հանուն լինելիության, հանուն մեր հայրենիքում ապրելու և արարելու՝ նյութականը ստորադասելով հոգևորին, անձնականը՝ պետականին»,-նշել է նախարարը։
Պաշտպանության փոխնախարար Սերգեյ Առստամյանն անդրադարձել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացվող հայաթափման քաղաքականությանը:
«Բոլորիս կարողությունների առավելագույն ներդրման, մեր ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ կարող ենք հաղթահարել դժվարությունները՝ ապրելով մեր հայրենիքում, բարձր պահելով և երբեք չթուլացնելով պայքարի ոգին: Անտարբերությունն ու կրավորական կեցվածքը նպաստում են պայքարի ոգին թուլացնելուն. սա է նաև Ավարայրից մինչև Շուշի հայ ժողովրդի ունեցած հաղթանակների խորհուրդը՝ ուղղված սերունդներին»,- եզրափակել է Սերգեյ Առստամյանը: