08/05/2023 19:47
Եթե չլիներ Ռուսաստանը, ապա այսօր Ստեփանակերտը չէր լինի այն տեսքով, որով կա․ Կոպիրկին
Չնայած հետզհետե բարդացող պայմաններին, պետք է հստակ հասկանալ, որ եթե չլիներ Ռուսաստանը և չլիներ ռուս խաղաղապահների մուտքը, ապա այսօր Լեռնային Ղարաբաղի մի հատվածը՝ Ստեփանակերտը, չէր լինի այն տեսքով, ինչպիսին որ կա, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով հայաստանյան քաղաքական և տեղեկատվական շրջանակներում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հասցեին հնչող քննադատական հայտարարությունները։
«Ես հասկանում եմ, որ բնակչությունը հիասթափության որոշակի զգացում ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂ-ում ինչ-որ ուժային գործողություններ են տեղի ունենում, Լաչինի միջանցքն այժմ արգելափակված է։ Ռուսաստանն ի սկզբանե հստակ դիրքորոշում է հայտնել այդ առթիվ, որ դա հակասում է եռակողմ հայտարարությանը», - ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով` իրականացվում է շարունակական աշխատանք, և խաղաղապահ զորակազմի նոր ղեկավարությունն ամեն ինչ անում է տվյալ խնդիրը լուծելու համար։
Դեսպանը կոչ է արել ըմբռնումով մոտենալ այն իրողությանը, որ խաղաղապահների գործառույթները սահմանափակ են, նրանք քաղաքական գործիչներ կամ գերագույն դատավորներ չեն։
«Խաղաղապահները օկուպացիոն ուժ չեն ինչպես հետպատերազմյան Գերմանիայում, երբ կար պարետատուն, որտեղ որոշումներ էին կայացվում: Խաղաղապահների գործառույթները բոլորովին այլ են: Ես միանգամայն համոզված եմ, որ ամենակարևոր հարցում խաղաղապահները պատշաճ կերպով կատարում են իրենց գործառույթը։ Այլ բան է, որ առաջանում են խնդիրներ, որոնք պահանջում են քաղաքական լուծում` եռակողմ հայտարարության ներքո ստորագրած բոլոր կողմերի մասնակցությամբ։ Այստեղ պետք է համատեղ ջանքեր գործադրվեն։ Այդ հիմքի վրա էլ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես աշխատում է առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ Հեշտ չէ, բայց աշխատանքը շարունակվում է»,- ընդգծել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։