08/05/2023 18:57
«Չավուշօղլուն հազար ու մի հայտարարություն կարող է անել, դա որևէ բան չի նշանակում»․ Ավագանու անդամը՝ Նեմեսիսի հուշարձանի մասին
Երևանի կենտրոնում տեղադրված Նեմեսիսի հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել ո՛չ մեր ֆրակցիայում, ո՛չ գործադիրի նիստում: Այս պահի դրությամբ օրակարգում այդպիսի հարց չկա, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանում «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը՝ անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարությանը, թե Նեմեսիսի հուշարձանը չապամոնտաժելու դեպքում Թուրքիան կդիմի լրացուցիչ քայլերի:
«Չավուշօղլուն հազար ու մի տեսակի հայտարարություն կարող է անել: Դա որևէ բան չի նշանակում: Մենք էլ 100 տարուց ավելի հայտարարություն ենք տարածում ու պահանջում ենք, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Սա, չասեմ միայն քաղաքական... սա մեր ներքին գործն է՝ որտեղ ինչ հուշակոթող պետք է տեղադրել: Դա իրենց չվերաբերող հարց է: Մենք իրենց ներքին գործերին չենք խառնվում»,- ասել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել էր, որ Նեմեսիսի հուշարձանի տեղադրման մասին որոշումը սխալ է եղել: Հիշեցնելով այս հայտարարության մասին` «Փաստինֆո»-ն հետաքրքրվել է` բացառո՞ւմ է հետագայում այդ հարցի՝ օրակարգում հայտնվելու հնարավորությունը։ Սարգսյանն ասել է, որ ինքը կարող է հստակ հայտարարել, որ այդ հարցն այս պահին օրակարգում չկա, իսկ հետագա իրադարձությունների մասին որևէ բան ասել չի կարող:
«Ես չեմ կարող ասել, թե ապագայի համար ինչ քննարկումներ կարող են լինել: Ինչպե՞ս կարող եմ ասել: Այս պահի դրությամբ չունենք ո՛չ քննարկում, ո՛չ որոշում»,- ասել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել էր Երևանում տեղադրված Նեմեսիսի հուշակոթողին: Նա հայտարարել էր, որ հուշարձանը պետք է անհապաղ ապամոնտաժել` սպառնալով հակառակ պարագայում չբավարարվել Հայաստանի հետ օդային ճանապարհը փակելով և ձեռնարկել լրացուցիչ միջոցներ: